Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Այս էջը հաստատված է

— Այն պիտի ասեմ, որ մեր հայր սուրբը իսկ և իսկ սուրբ էր, կատարյալ սուրբ և շատ զորավոր։

— Իհարկե սուրբ էր, այդ ո՞վ չի իմանում։

— Գիտե՞ս ինչ, Նախշո՛ւն ջան, ուզում եմ աջը կտրեմ և տանեմ մեզ մոտ ինչպես մասունք։

— Այդ ինչպե՞ս կարնլի է, այդ դժվար բան է, և մեղք էլ է. կարելի է թե ինքը չի ուզո՜ւմ։

— Ինքն էլ ի՞նչ կիմանա հիմա, որ ուզի, կամ չուզի։

— Սխալվում ես, հոգի՛ս։ Նա եթե ուզենա, երազումը կերևա քեզ և հրաման կտա, կամ չի տալ։ Բայց եթե առանց հրամանի անես, մեզ վնաս կտա։ Վա՛յ թե աջը կտրելիս հանկարծ գժվի՜ս, լռվի՜ս, խլանա՜ս, շլինքդ ծռվի՜։ Մի՞թե քիչ է պատահել այսպես բան։ Սուրբի աջ կտրողը պետք է ինքն էլ սուրբ լինի։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ «Ո՞ւր է այն աջը՝ որ բռնե զայդ խաչը»։ Ամեն աջով խաչ բռնել չի լինի։ Զգո՛ւյշ կաց, այդպես բան չանես։

— Այդ շատ ճշմարիտ ես ասում, նախշո՛ւն ջան։ Սուրբի մասունք պահողը ինքն էլ սուրբ պիտի լինի, մի բան ասե՞մ, Նախշո՛ւն ջան։

— Ի՞նչ պիտի ասես, հոգի՛ս։

— Ես այնպե՛ս ցանկանում եմ սուրբ լինե՜լ… Ասում եմ գնամ մեկ տեղ ճգնվիմ, էլ աշխարհքի երես չտեսնեմ։ Բայց քեզ, անո՛ւշ ջան, քեզ չեմ կարողանում թողնել։ Այսքան էլ սիրել կլինի՜, ինչքան որ ես քեզ սիրում եմ։ Բայց որ գիտենաս, ինչքա՜ն վախենում եմ քեզ սիրելուս համար. վախենում եմ, որ աստված բարկանա՜ վրաս։

— Դու գիտես, որ ես էլ քեզ եմ սիրում, հոգի՛ս։ Եթե աստված քեզ վրա բարկանա, ինձ վրա էլ կբարկանա, և նրա պատուհասը կհասնի մեր երկուսի վրա էլ։ Ե՛կ, էլ չսիրենք միմյանց, այլ սիրենք միայն մեր որդուն, որդեսիրությունը հո մեղք չէ՞, կարծեմ։

— Ինչքան միամիտ ես, ա՛նուշ ջան։ Ասում ես՝ որդեսիրությունը հո մեղք չէ՞։ Իհարկե մեղք է։ Հապա էլ ինչո՞ւ են ասում. «Ով որ չթողնե իր ամուսինը, զավակը, հայրը, մայրը, մի խոսքով՝ ամեն ինչ, որ աշխարհին է վերաբերում, տուն տեղ, ունեցած, չունեցած... Ինձ արժանի չէ»։