Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Այս էջը հաստատված է

— Վա՜յ ինձ,— բացականչեց Նախշունը.— ես մեղավո՜ր եմ, շատ եմ մեղավոր։ Ի՜նչպես թողնեմ երեխա՜ս, զավակս…

— Հապա՜… Հենց այդ դժվարության հաղթելն է սրբությունը, եթե հեշտ լիներ, այն ժամանակ ամենքն էլ սուրբ կլինեին:

— Բայց մեր մեղքի համար արդյոք բարեխոս չի՞ լինի հայր սուրբը։ Չէ՞ որ նա ինքը մկրտեց, օրհնեց, և մեզ էլ պատվիրեց, որ լավ պահպանենք։ Միտդ չէ՞, որ մեկ օր էլ ասաց.— «Կա հաշխարհի, չկա հանապատի»։

— Բայց այդ ավելի դժվար է, հո՛գիս։ Գիտե՞ս ինչի վրա է ասված՝ «Կա հաշխարհի, չկա հանապատի»: Լսի՛ր, քեզ պատմեմ։ «Մի ջաղացպան և իր կնիկը ուխտ են դրել, որ միասին կենան, միասին պառկեն, բայց իրենց սուրբ պահեն։ Սրանք մի կթոցով ջուր են կախ տվել իրանց մահճակալի վրա և ասել՝ եթե երբևիցե մեր միտքը պղտորվի, այս կթոցի ջուրն այլևս կաշկանդված չմնա, այլ իսկույն թափվի մեզ վրա։ Շարունակ տասը տարի հին, ծակծակ, ահագին արանքներ ունեցող կթոցից ոչ մի կաթիլ ջուր չի թափվել նրանց վրա։ Այս միևնույն ժամանակները՝ անապատումը ճգնվելիս է եղել մի ճգնավոր։ Երբ որ նրա ճգնության քառասուն տարին լրացել է, ուզեցել է իմանալ, թե արդյոք իր քառասուն տարվա արած աղոթքները հասե՞լ են առ աստված, թե ոչ, կամ ընկե՞լ է արդյոք սրբոց կարգը թե ոչ։ Սրա վրա երազումը երևացել է նրան աստուծո հրեշտակը և ասել է՝ «Քառասուն տարի է, որ դու ճգնվում ես, բայց եթե մի քառասուն տարի էլ ճգնվիս, դարձյալ չես կարող հասնել այն ջաղացպանին, որ ապրում է իր կնոջ հետ միասին, նրանք սուրբ են քեզանից։

«Ճգնավորրը զարթնում է, միտն է բերում երազը և զարմանում է, թե ինչպե՞ս կարելի է, որ մի աշխարհիկ մարդ, այն էլ կնոջ հետ՝ ավելի սուրբ լինի, քան թե ինքը՝ իր քառասունամյա միայնակյաց և խստակրոն ճգնությունովը։

«Այս ճգնավորն ուզում է տեսնել սուրբ ջաղացպանին, և այս մտքով նույն օրը ճանապարհ է ընկնում։ Գնում է գնում, շատն ու քիչը աստված գիտե, հարցնելով գտնում է ջաղացպանին և իջնում նրա տանը։