Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Այս էջը հաստատված է

— Ո՜հ, ես սարսափում եմ,— բացականչեց Նախշունը։— Էլ մի՛ շարունակիր, ի սեր աստուծո... Սարսուռ է գալիս վրաս... Էլ չմոտենաս ինձ... Գնա՛, հեռացի՛ր, աստված քեզ հետ... Ինձ համար էլ աղոթք արա... ես մեղավոր եմ... Էլ մեր տուն չեմ գնալ ես։ Կերթամ կույսերի մոտ, կդառնամ նրանց աղախինը, կլվանամ նրանց ոտքերը, գլուխները... գնա՛, գնա՛, ի սեր աստուծո, շուտո՛վ, հեռացիր ինձանից, որ դժոխքական չշինես ինձ էլ...

Եվ Նախշունը ծնկաչոք ընկավ քարե հատակի վրա, սկսեց լալով աղոթել։

Մարկոսը մի գոռոց բարձրացրեց, մի աղեկտուր ողբալի գոռոց... և փախավ։ Այն գնալն էր՝ որ նա գնաց, և այլևս չերևեցավ։

Շատ տարիք անցան, և մեր Մարկոսի դիակը գտան մի քարայրի մեջ։