Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Այս էջը հաստատված է

Սրա պատճառն այն էր, որ ինչպես ասված է, «Տանուտերերին «օրհնյա տեր» չկա» և թե՝ «Մարգարեն իր գավառում պատիվ չի ունենալ»։ Նա հոժար էր իր ծննդավայրում իր հայրենական տանը նստած՝ ավելի էժան գնով ծառայել, բայց մինչդեռ ուրիշ տեղերում նրան տալիս էին տարեկան հազար մանեթ և ավելի ևս, իր դրացիները չէին հոժարում տարեկան երեք հարյուր մանեթ տալ, որով նա հոժար էր ծառայելու։ Այսպիսի մի նախանձ կար մեր ոչ միայն գյուղերում ու գյուղաքաղաքներում, այլ նույնիսկ նշանավոր գավառական քաղաքներում, ուր իրանց տեղական ուժերից չէին ուզում օգուտ քաղել, չէին պատվում, չէին գնահատում նրանց։ Նրանք էլ սովորաբար դրսից եկածների դեմ պատերազմ էին հայտնում, և դպրոցական գործը միշտ տատանման և խռովության մեջ պահում։

Այսպես՝ Սմբատը դպրոցից դուրս գալով իբրև աշակերտ, կրկին դպրոց էր մտել իբրև վարժապետ, և երկար ժամանակ այդ շրջանում ապրելով՝ անծանոթ էր մնացել կյանքի մյուս շրջաններին, որոնց մեջ եղած ահագին փոփոխությունը նա չէր նկատել։ Նույնիսկ անցյալին էլ նա լավ չէր ծանոթ։

Մանկական հասակի մեջ երբ մեկը մեծանում է անհոգ ու երջանիկ, կարծում է թե ամենքն էլ իր նման են։ Այս է պատճառը, որ մենք մեր մանկության օրերը միշտ ներկայացնում ենք մեզ իբրև դրախտ։ Ասում ենք՝ այն ժամանակ մարդիկ լավ էին, սեր կար, մտերմություն կար, իսկ հիմա ամեն ինչ տակնուվրա է եղել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր երևակայած երջանիկ ժամանակի մարդիկը ևս դժգոհ են եղել իրանց ժամանակից և ասել են․

Փչվի էսպես ժամանակը.
Հույս ու հավատ, սեր չկա․․․

Այս է դարձյալ պատճառը, որ մի շատ ազնիվ և կրթված երիտասարդ ազնիվ է միայն կյանքից հեռու եղած ժամանակ, բայց երբ մտնում է կյանքի մեջ, գործ է ունենում խորամանկ և խարդախ մարդկանց հետ, զրկողության և հալածանքի է ենթարկվում, ում բարեկամ է համարում, չարակամ է դուրս