Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Այս էջը հաստատված է

ուրեմն մի բարոյական ցավ է այս և պետք է դարման տանել»: Լսում է որ շատ եղբայրներ բաժանության առիթով իրար կոտորել են և անպատիժ մնացել։ Նրա սիրտն սկսում է ահ ընկնիլ։ «Մի՛ գուցե ինձ էլ սպանեն. բայց ավելի լավ չի՞ լինիլ, որ ես ինքս սպանեմ ինձ։ Բայց կի՜նս, երեխե՜քս. ի՞նչ առաքինություն կլինի իմ արածը, ո՞վ կպաշտպանե իմ դատը»...

Մինչդեռ Սմբատն այս մտածմունքի մեջ էր, ներս մտավ Մարպողոսը, նրա հետ և Ավագն ու մյուս եղբայրները։

Սմբատն իսկույն իմացավ, թե ինչո՞ւ համար կլինի եկած Մարպողոսը. տխուր բարևելուց հետո՝ լուռ ու մունջ սպասեց մինչև նրա խոսիլը, ինչպես մի սգավոր, որ գլուխը քաշ գցած սպասում է, թե ինչ մխիթարական կխոսի տեսության եկած հյուրը։

Մարպողոսը երկար սպասեցնել չտվավ։ Հենց որ թեյի բաժակը վերցրեց դրավ առջևը, իսկույն հանեց բռնոթամանը և դեռ բաց չարած՝ սկսեց իր ճառը։

— Սմբա՛տ, որդի, քեզ խրատ չի հարկավոր, ուրիշներին էլ դու ես խրատում։ Ես հույս ունեի, որ եթե քո մյուս եղբայրներդ բաժանության մասին մտածեին, դու արգելք կլինեիր, իսկ հիմա իմանում եմ, որ դու ինքդ ես առաջարկում բաժանություն։ Այդ լավ բան չէ, որդի. բաժանությունը մի չարիք է, որից պետք է միշտ փախուստ տալ։ Զուր չի ասված Ավետարանում, թե՝ «Ամենայն տուն բաժանյալ ավերի»։

— Իհարկե սուտ չի ասված,— ընդհատեց Մարպողոսին Սմբատը։— Միայն այնպես չի ասված, ինչպես դուք եք ասում, և ոչ այն մտքով է ասված, ինչպես դուք եք հասկանում։ Ասված է. «Ամենայն տուն բաժանյալ հանձն՝ ավերի»։ Սրանով ուզում է ասել՝ ամեն տուն, որի անդամների մեջ միություն չկա, կքանդվի։ Սրանից էլ ուղիղ հետևում է այն, որ տուն ասածդ պետք է այնպես լինի կազմած, որ նրա անդամների մեջ միություն լինի։ Արդ՝ այս նպատակին կհասնվի բաժանությամբ։ Բաժանությամբ մի տանից, որի անդամների մեջ միություն չկա, կկազմվին առանձին-առանձին տներ, որոնց անդամների մեջ միություն կլինի։ Եթե երկու տեգրակնանիք տան անելիքը մեկմեկու վրա են գցում ու գործը մնում է անկատար,