Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Այս էջը հաստատված է

է ստացել և որ ընդհանուր ցավի տրամադրության տակ է գտնվում։ Եթե կրթության խնդիր չլիներ մեջտեղը, այլ միայն առողջության, մարմնի առողջության, այն ժամանակ առողջապահիկ հնարների կդիմեին, և ինչպես մի որևէ համաճարակ մարմնական ցավից ազատ մնալու համար մաքրում են տները, փողոցները, ուտելիքներն ու խմելիքները, այդպես կվարվեին և բոլոր այն առարկաների վերաբերությամբ, որոնց ապականությունից ապականվում է և կրթվող սերնդի հոգին ու միտքը։ Բարոյակիրթ սերունդ պահանջող հասարակությունը կամ ազգը պետք է նախ ինքը մաքրվի իր բարոյական ախտերից, այլապես ինքն էլ չի հասկանում, թե ի՛նչ է պահանջում, այսինքն իր պահանջած առարկայի մասին ուղիղ և առողջ գաղափար չունի, այլ սխալ, թույլ և հիվանդոտ։

— Ես հիմա հասկանում եմ քո ասածը։ Նկատողությունդ ուղիղ է։ Բայց ի՞նչ ես կարծում, քո հայտնած մտքով մի՞թե միայն դու ես վարակված։ Եվ մի՞թե կարելի չէ այդ մտքով վարակել և ավելի շատերին։ Երևի հասել է ժամանակը, որ հիմա ավելի խոր նայենք մեզ վրա, քննենք բարոյական հակումների օրենքները, որպեսզի կարողանանք նրանց ազդեցությունը հօգուտ մեր բարոյակրթությանը գործ դնել։ Ավելի Լավ, որ ոգեկան հակումները համաճարակ են և վարակիչ։

— Բանն էլ գործադրությունն է հենց, որ շատ դժվար է։ Ենթադրենք, թե դու մի վիպասան ես, ի՞նչ ուղղությամբ կգրես, որ ընթերցողներդ բարոյակրթվին։

— Դժվար հարց ես առաջարկում։ Ես վիպասան չեմ, և չգիտեմ մինչև անգամ թե ինչպես են թխվում մեզանում վեպերը։

— Իսկ ես գիտեմ, այդ ցավիցը մի քիչ իմ մեջ կա։ Վիպասան է եղել գրողը, թե հրապարակախոս կամ բանաստեղծ, ամենքն էլ միևնույն ընդհանուր տրամադրության տակ են գտնվում։ Ընդհանուր տրամադրությունը մի զորեղ հոսանք է, մի քամի, որ ով գիտե՝ որտեղից է փչել. ահա այդ հոսանքովն են վազում ամենքն էլ, և վազողներից ով որ ամենի առջևն է, նա ասվում է հառաջադեմ, ով որ հետինը՝ հետադեմ, ով որ չի մասնակցում ընդհանուր արշավանքին, ասվում է հետամնաց։