Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Այս էջը հաստատված է

Կարծես Արմենակը նրան խրատած լինի, թեև մեզ ոչինչ չասաց գնալիս: Նա այժմ փափկած է երևում և ուզում է բաժանվիլ, բայց տե՛ս ինչ է ասում։— Դուք, ասում է, որ ջոկ լինիք, ինչպե՞ս կարող եք կառավարվիլ. ո՛չ դու ես պետք գյուղական պարապմունքի համար, ո՛չ քո մարդը: Թող այն երկուսը ջոկ-ջոկ դուրս գան, իսկ դուք՝ ինձ հետ: Սմբատն էլի կշարունակի իր ուսուցչությունը, իսկ ես տունը կկառավարեմ։ Դու էլ քո կարն ու գործը կանես, իսկ մյուս գործերը, որ քո բանը չէ, Եղսանը կանե, ինչպես միշտ արել է: Եվ ճշմարիտ է ասում Ավագը, Սմբա՛տ, եկ համաձայնիր:

— Ոչ, այդպես լավ չի լինի, հոգի՛ս,— պատասխանեց Սմբատը,— ով գիտե էլի ինչ կողմնակի նպատակ ունի Ավագը, որ ուզում է ինձ իր կողմը քաշե: Նա կարծում է, որ այդպիսով ինքը կշահվի, բայց երբ տեսնի որ ինքը օգուտ չունի, էլ չի պահիլ ոչ ինձ, ոչ քեզ և պիտի մի նոր կռիվ սկսի։ Նա իզուր էր կարծում, որ ես գյուղական կյանքին պետք չեմ: Ես վարն էլ լավ կանեմ նրանից, ցանքն էլ: Եվ այդ պետք է ֆիզիկապես կազդուրվելու համար: Մի՞թե լավ բան է, որ հիմա չեմ կարողանում մեկ թիակ բանեցնել, իսկույն կռներս թուլանում են և սկսում ցավել: Կացին չեմ կարողանում բանեցնել, իսկույն ձեռներս փքփքոտում են, մեջքս ցավում: Այսպես էլ ահա մյուս թեթև բաներն անգամ չեմ կարողանում շինել: Բայց այս ի՞նչ է նշանակում, ի՞նչ բանի հետևանք է: Սա մի անբնական և միակողմանի մտավոր պարապմունքի հետևանք է, որ հիվանդության չափ վնասակար է մարդուս, և հարկավոր է առողջացնել: Իսկ այս կարելի է, փոքր առ փոքր ընտելանալով ֆիզիկական աշխատանքի:

— Իսկ ես ինչպե՞ս անեմ,— ասաց կինը:

— Դու էլ ինձ պես, դու էլ կսովորես աշխատելը: Մի՞թե չես տեսնում, թե որքա՛ն առողջ են մեր հարազատները և որքա՛ն տկար ես դու. մի՞թե նրանց թշերի կարմրությունը վատ է, իսկ քո թշերի դալկությունը լա՞վ:

— Բայց նրանք կոպիտ են ամեն բանում, ես է՞լ կոպտանամ ուրեմն:

— Ի՞նչ վնաս ունի, եթե մինչև անգամ կոպտանաս էլ: Կամ ի՞նչ ասել է կոպիտ: Գեղեցկությունը նրբության մեջ չէ,