Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/370

Այս էջը հաստատված է

կարող կլինիմ քաղաքում մի որևէ գործում օգտակար լինել և առաջինների կարգումը լինել, ես ուրախությամբ ինձ կնետեմ քաջամարտիկ զինվորների շարքը։ Ես հավատում եմ մարդուս կոչումին և գիտեմ, որ նա ինչ բանի որ պետք է և հարմար, վերջ ի վերջո նույն բանին կծառայե և նրա համար էլ կմեռնի։ Ո՛վ գիտե, գուցե Արմենակը մի գրական գործ սկսի քաղաքումը և հարկավոր համարե իրան իմ աջակցությունը, գուցե այդ ասպարիզում ես կարող կլինիմ մի բան անել, բայց առայժմ այդ ինձ համար մութն է և անհայտ։ Այժմ ես ամենից շատ կարիք եմ զգում մտքի հանգստության և ֆիզիկական աշխատության։ Մարդուս միտքը հարստահարվում է հողի պես, երբ շարունակ դուրս են ծծում նրա սննդարար տարերքը, առանց հանգիստ տալու։ Եթե մի տարու չափ ես ո՛չ կարդամ և ոչ գրեմ, այդ հանգիստը իմ մտքին կարող է մի քանի տարվան բեղմնավորություն տալ։ Սուտ է, որ ասում են՝ միտքը շարունակ աշխատեցնելով՝ կսրվի։ Ընդհակառակն՝ միտքն ունի և՛ սնանկանալ և՛ խոպանանալ։ Շարունակ աշխատեցնելով՝ կսնանկանա, շարունակ անգործ թողնելով՝ կխոպանանա։ Ուրեմն աշխատություն և հանգիստ պիտի շարունակ հաջորդեն միմյանց։ Գյուղումը կարող ենք մեր մարմինն աշխատեցնել, իսկ քաղաքում՝ միտքը, այսպիսով երկուսն էլ առողջ կմնան, որովհետև երկուսի մեջ էլ պարապմունքի և գործի արդար բաժանություն կլինի։

— Արմենակի գալն ինձ վրա լավ ազդեցություն ունեցավ։ Ավագին չի կարելի մեղադրել։ Նա բաժանության մեջ արդարություն է որոնում և ոչ իրավունք։ Մենք ժառանգության իրավունքով ենք պահանջում մեր բաժինը, իսկ նրա բնազդաբար այդպիսի իրավունք չի ճանաչում, այլ իբրև եղբայր մեզ պես ապրելու միջոց է պահանջում։ Նա իմանում է, որ մենք առանց երկրագործ լինելու էլ կարող ենք ապրել, իսկ ինքը ապրելու ուրիշ միջոց չունի։ Ես կհամոզեմ եղբայրներիս, որ մեր ունեցածի ամբողջ կեսը նրան տանք, իսկ մյուս կեսը մենք երեք բաժին անենք։ Բավական է մեզ մի երկու սենյակ՝ քնելու համար, մի կտոր այգի և մի կտոր հող, մնացածը աստված ողորմած է։ Արդար բաժանություն անելու ո՛չ մի հնարավորություն