Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Այս էջը հաստատված է

բայց էստեղ ոչ ոք չի համարձակիլ մի հատ պտուղ գջլել, Մովրովն իսկույն կգանգատվի խաչին, և խաչը կպատժի գողին։

— Մովրովն ո՞վ է։

— Մովրովը խաչի ղուլն է, թասի մտիկ տվող մի կնիկ է․ հրեն ա՛յ, էնտեղ է կենում իրա մարդի հետ։

— Էն խոտով ծածկված տա՞նը։

— Հա՛։

— Ամառ ձմե՞ռ։

— Հա՛։

— Բա նրանց տուն չունե՞ն, տեղ չունե՞ն։

— Տուն տեղ ունեն, Կախեթումն է։ Ասում են խաչը թույլ չի տալիս, որ մենք մեր տանը կենանք, ասում է՝ «իմ ղուլն եք, պիտի իմ տակին կենաք»։ Էս տեղերն էլ ասում են՝ խաչինն է։ Դրա համար էլ գեղացիք վախում են խաչիցը, ինչ որ ուզում է Մովրովը՝ տալիս են։

— Հա՜... Բա տերտերն ի՞նչ է ասում։

— Մեր տերտերն էլ է վախում. ինչ որ էրի-մ որթի է ստանում, մեծ մասը նրանց է տալիս. ասում է «երկյուղալի է, խաչին կգանգատվին»։

— Հա՜... Ասում են էդ տերտերը շատ գիտուն մարդ է, երնեկ ես էլ դրա աշակերտը լինեի։ Արություն, խոմ չի՞ ծեծում քեզ։

— Ո՛չ, ահա չորս տարի է ես դրա մոտ եմ, դեռ ոչ մի անգամ մատով դիպած չէ ինձ։

— Ի՜նչ լավ մարդ է։ Ի՞նչ է սորվեցնում քեզ։

— Հին ու նոր Կտակարան, շարական, քերականություն, աստվածաբանություն, էլի ուրիշ հազար ու մի բան...

— Հա՜, էդ բոլորն էլ գիտե՞ս։

— Ինչպե՞ս չէ։ Ես շարադրություն էլ եմ անում, ոտանավորներ էլ եմ գրում։

— Հա՜...— բացականչեց Մանվելը, առանց հասկանալու, թե ինչ բան է շարադրությունը կամ ոտանավորը, բայց այդ չգիտենալը նրան ավելի զարմացրեց և համոզեց, որ Արությունը մի չնաշխարհիկ բան է, և նրա ձայնն ու գիտությունը երկնային մի ձիրք։