Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/397

Այս էջը հաստատված է

խոմ չեմ խփել քեզ,— ասաց կնիկարմատը։ Ես այդ կնկանից Դուրսունի չափ վախեցա, ըստ որում նրանից ամեն բան սպասելի էր: Վերադառնալով տուն, այս անցքը պատմեցի մորս։ Վերջն ստուգվեց, որ Դուրսունին կացնով խփողը հիշյալ կնիկարմատն էր եղել։

6

Դուրսունի մահը։ Մեր Դուրսունը դեռ մի առույգ հասակի մեջ էր, որ մի սարսափելի ցավ եկավ և անխնա կոտորեց բոլոր տավարներին։ Ահա այդ ցավին զոհ գնաց և մեր Դուրսունը։ Մեր գիտցած բոլոր հնարներր գործ դրինք՝ թե՛ արյուն առնել էր, թե՛ սառը ջուր ածել վերան, թե՛ սուրբի չորս կողմը պտտցնել, թե՛ սուրբ հող և օրհնած աղ ուտեցնել, թե՛ մատաղ անել և ճրագ վառել, բայց բոլորը զուր անցավ, Դուրսունը չփրկվեց։ Ես հիշում եմ նրա հիվանդությունր, նրա քաշած չարչարանքը, նրա աղիողորմ նայվածքը։ Այդ տարին քառասուն գլուխ տավար կոտորվեց մեր տանից, բայց մենք ամենքս լաց եղանք միայն Դուրսունի վերա, այնքան սիրելի էր նա։ Հայրս նրա գլուխը չթաղեց մարմնու հետ, այլ կաշվից ու մսից մաքրելով չոր գագաթը ցցեց Աղալի բլրի վերա։

Լավ կենդանի է գոմեշը և շատ օգտակար, բայց մենք մեր ունեցած բաների արժեքը ճանաչել չգիտենք։ Խելոք եվրոպացիների մոտ հիմար անասուններն էլ խելոք են, իսկ մեզ մոտ մեր իմաստուն անասուններն էլ են հիմարանում, որովհետև մենք չգիտենք նրանց գրավել, կրթել, խնամել։

1884

ՄԵՐ ԿԱՐՄԻՐ ՁԻՆ
(Հիշողություն)
1

«Լավ ձին մի մուրազ է» ասում է հայկական առածը։ Ես մեր ժամանակում չտեսա, որ խեղճ մարդը, մշակ ժողովուրդը, գյուղացին մի լավ բան ունենա, մի լավ տուն, մի լավ