Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Այս էջը հաստատված է

զարդ, մի լավ ձի, բայց նրա խոսք ու զրուցից երևում է, որ մի ժամանակ նա էլ է ունեցել շատ լավ բաներ, լավ տուն ու տեղ, լավ ապրանք, լավ արդուզարդ։ Այդ եղել է երևի այն Ժամանակ, երբ երկիրը տեր ու տիրական չի ունեցել, մարդիկ ապրել են ով ինչպես ուզեցել է:

Եվ ում որ երազումը տեսնում են լավ ձի հեծած, ասում են՝ նա իր մուրազին կհասնի։ Հարցրու քսան-քսանհինգ տարեկան գյուղացի երիտասարդին, թե ի՞նչ կփափագեիր ունենալ, կասե՝ մեկ լավ ձի ու լավ զենք։ Ծերերը երիտասարդանում են՝ լավ ձի նստելիս։ Ով որ մի հոգեկան վիշտ ունի, ցանկանում է մի լավ ձի ունենալ և նրանով քամուն տալ սրտի ցավերը։

Իմ հայրս լավ ձի ճանաչող էր, նա իմանում էր քավ ձիու բոլոր նշանները, գիտեր և լավ թալիմ տալ, այսինրն' կրթել, մարզել։ Հորս այս հմտությունից օգտվում էին և իր դրացիք, ձի գնելիս՝ միշտ նրա խորհրդին էին դիմում: Հորս շնորհիվ վատ ձի չեմ տեսել ես մեր տանը, բայց մեկր մի կարգե դուրս բան էր. նա իսկական Քյոհլան էր, այսինքն՝ թռչկան և հայրս գտել էր նրան պատահմամբ։ Եվ ահա ինչպես:


Մեկ տարի մեր գյուղի հացը շատ պակաս էր։ Գյուղացիք տունը մեկ մարդ վեր կացան գնացին Ախալքալաքի և Շիրակի գյուղերը՝ հունձ անելու հնձավարձով: Հնձավարձ են ասում, երբ հնձի վարձն առնում են ոչ թե փողով, այլ իրենց հնձածից. քսան խուրձից 4 կամ է՛լ ավել խուրձ։ Այսպիսի դեպքերում գյուղացիք գիտեն ավելով շահել, որովհետև այդ բախտը կարող է և իրանց վիճակվել. մի տարի էլ իրանք կերթան նրանց արտերը հնձելու։

Ահա այստեղ հայրս տեսնում է մեկի տանը մի նիհար քուռակ, մորից որբ մնացած, արտաքուստ ամեն շենք ու շնորհքից զուրկ և կարծես բարակացավով տանջվելիս լինի: Հասակով էլ լինում է 5—6 ամսական: Հայրս զննում է քուռակը, նայում է ոտ ու գլխին, ականջներին, վզին, բաշ ու պոչին. ինչպես բժիշկը կզննի իր հիվանդին և քյոհլա ասված ցեղի բոլոր նշանները գտնում է այս քուռակի վրա, թեև դեռ լավ