Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Այս էջը հաստատված է

— Որ կուշտ ես, ինչու արմատներ ես ուտում։

— Արմատները անուշ են, չարազ եմ անում,— ասում է խոզը, որ ամեն ինչ ուտում էր։

1908


ԱՔԼՈՐԻ ՀՐԱՎԵՐԸ

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.

— Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր։

Հավը չի ընդունում աքլորի հրավերը։

— Կուտ ունենաս, քո հավերին կտաս,— ասում է ու կչկչում։

— Լավ,— ասում է աքլորը։— Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես։— Էս ասում է ու կանչում իր հավերին.

— Կու-կու-րի-կուտ... Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւ...

Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս։

1908


ԸՆԿԵՐԱՍԵՐ ԵՂՋԵՐՈՒՆԵՐԸ

Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ։

Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ՝ ասելով

— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ։

— Շատ և շատ շնորհակալ եմ, — պատասխանեց մեկէլը, — ինչու չշահենք մեկ-մեկու սիրտ, թեկուզ սարի խոտով։

1908