Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Այս էջը հաստատված է

է, բայց ես ձեռք չեմ վերցնում։ Հայրս ասում է՝ «Մի քիչ համբերի․ ես քեզ էդ խոզարածի ձեռիցը կազատեմ, կտանեմ քաղաք, էնտեղ լավ կսովրեցնեն»...

— Երանի՜ քեզ, Մանվել, կերթաս քաղաքը կտեսնես։ Իմ քույրն էնտեղ է մարդի տված, բայց ես չեմ տեսել...

— Էդ լա՜վ է։ Իմ քույրն էլ է էնտեղ։ Հորդ ասա, թող քեզ էլ բերի քաղաք։ Ասում են՝ քաղքի տղեքը շատ չար տղեք են, գեղացի երեխանցը ծեծում են, մենք որ միասին լինենք, մեզ ո՞վ կարող է ձեռք տալ։ Արություն ջան, արի ընկեր դառնանք, ես իմ օրումը քեզ մտիցս չեմ գցիլ։

— Էդ շատ լավ ասեցիր, Մանվել ջան, ես դեռ իմ օրումս ոչ մի ընկեր չեմ ունեցել. մեր գեղումը մենակ էի կարդում, էստեղ էլ մենակ եմ կարդում. սիրտս շատ է ուզեցել, որ մի ընկեր ունենամ, բայց չեմ ունեցել։ Ո՜ւր էր, եթե աստված տա, մենք միասին լինենք, ես ինչ որ գիտեմ, բոլորն էլ քեզ կսովրեցնեմ։

Ինչպես Արությունի, նույնպես և Մանվելի սրտի մեջ ընկերության զգացմունքը սաստիկ վառ էր, բայց նրանց լեզուն դեռևս տկար էր այդ զգացմունքի հայտարարը լինելու համար։ Նրանց երկար քնքուշ խոսակցության հետևանքն այն եղավ վերջապես, որ բոլորովին վերացյալ հոգվով իրանց գլխներից մի-մի մազ պոկեցին, և իրար հետ փաթաթելով՝ թաղեցին երեք քարի տակին, առանց մի բան ասելու, բայց կարծես յուրաքանչյուրի սիրտը հետագա խոսքերն էր բարբառում. «Մեր ընկերասիրության ուխտը պիտի անխզելի մնա մինչև այն օրը, երբ մեզ էլ այս փաթույթի պես կթաղեն հողումը»։ Հետո վեր կացան և քայլեցին դեպի իրանց գերդաստանը, երբ Արությունը սկսեց բնազդմամբ երգել հրեշտակային ձայնով Շնորհալու երգերից հետագա տունը.

Սիրո քո հուր արկյալ հերկիր,
Բորբոքեսցի ի հոգիս մեր,
Զխորհուրդ սրտից մեր մաքրեսցե,
Զլույս գիտության քո փայլեսցե
Ի քնո մահու զմեզ զարթուսցե,
Զմիտս բոցովն քո վառեսցե...