Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/427

Այս էջը հաստատված է

նրա տպագրության թույլտվությունն ստանալն էր, որը հեշտ չէր, եթե նկատի ունենանք այդ երկի հասարակական-գաղափարական բովանդակությունը, ուր որոշակի ակնարկներ կային նաև ցարական ռեժիմի կամայականությունների մասին։

Բարեբախտաբար, սակայն, Պետերբուրգում հայերեն գրքերի ու պարբերականների գրաքննիչն էր Մ. Ղ․ Բերոյանը (կամ՝ Նիկիտա Լազրևիչ Բերոև), որը որոշ դրական դեր է կատարել 50—60-ական թվականների հայ մամուլի ու գրականության «գրաքննական պատմության» մեջ իր բարյացակամ վերաբերմունքով[1]։ Այդ դրական վերաբերմունքի մասին է վկայում նաև Աղայանի վեպի առաջին հրատարակության գրաքննական արտակարգ կարճ պատմությունը։ Աղայանն իր հուշագրքում նկարագրում է, թե ինչպես ինքը Պետերբուրգում վեպի ձեռագիրը ներկայացրել է Բերոյանին և անմիջապես ստացել տպագրության թույլտվությունը՝ առանց վեպը կարդալու։

«Երբ որ վեպս տարա նրա մոտ, որ գրաքննի, նա իր ձեռագիր հարուստ բառարանի[2] թերթերը փռել էր դահլիճի մեջ, և չգիտեմ ինչ էր ջոկջկում։

— Այդ ի՞նչ ես գրել,— ասաց։

— Ոչի՛նչ,— ասացի,— ազգային կյանքից մի վեպ է։

— Ազգային կյանքի՞ց...— ասաց ծերունին ցաված սրտով։— Ուրեմն ազգային թշվառություն կլինի անշուշտ։ Այո՛, թշվառ է մեր ազգի կյանքը, շատ թշվառ։ Տեսնո՞ւմ եք, ահա այս թերթերը, հիսուն տարվա աշխատություններ են․․․ բայց գնահատող չկա, ոչ տպող կա, ոչ առնող... Այս աշխատության գին չդնողները, ի՞նչ գին պիտի դնեն քո վեպին։ Բե՜ր, բե՜ր ստորագրեմ։

Եվ ստորագրեց առանց կարդալու» (հ. III, էջ 92)։

Աղայանի հանդիպումը գրաքննիչ Բերոյանին տեղի է ունեցել 1866 թ․ դեկտեմբերին։ Այդ հաստատվում է նրանով, որ «Արություն և Մանվել»-ի առաջին հրատարակության անվանաթերթի երկրորդ երեսին նշված է «Дозволено цензурою, С-Петербург, 24 октября 1866 года».

Վեպի առաջին (նաև հետագա) հրատարակության ինքնագիրը չի պահպանվել։ Տպագրվում է Թբիլիսիում, բայց հայտնի չէ, թե վեպի ձեռագիրը ո՛ւմ միջոցով է Պետերբուրգից հասնում հրատարակչյւն։ Հեղինակի հուշերից տեղեկանում ենք, որ նա Պետերբուրգում (ըստ երևույթին, 1866 թ. վերջերին) հանդիպում է Ալեքսանդր Երիցյանին, որն այն ժամանակ «Թիֆլիզումը գրավաճառի խանութ էր բացել Տեր-Միքայելյանի հետ ու եկել էր գրքեր գնելու» (հ. 3-րդ, էջ 88)։ Համոզված, թե Երիցյանը բավականաչափ հարուստ է և կարող է նաև ձեռագիր աշխատություններ գնել, Աղայանն առաջարկում է իր վեպի ձեռագիրը։

«Արություն և Մանվել»-ի ձեռագիրը տարա մոտը և ասացի. «Գրքեր եք

  1. С. Г. Арешян «Армянская печать н царская цензура», 1957, էջ 253—254․
  2. Նկատի ունի Բերոյանի կազմած ոուս-հայ-ֆրանսերեն եռահատոր բառարանը։