Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Այս էջը հաստատված է

տպում, այս բանն էլ առեք և տպեցեք․․․» (հ․ III, էջ 88)։ Բայց Երիցյանը չի վերցնում, թեև համոզված, որ «դա ավելի թանկ արժե», քան առաջարկում է հեղինակը, վախենում է, որ տպագրվելուց հետո բավականաչափ գնորդներ չունենա և չկարողանա «տպագրության ծախսը հանել» (ն․ տ.)։ Այնուհետև «Արություն և Մանվել»-ի ձեռագիրը Աղայանն ուղարկում է Թբիլիսի իր տպարանական ընկերոջը՝ Միքայելին, որն և կազմակերպում է վեպի հրատարակության գործը։

«Ընկերս,— գրում է Աղայանը,— տպագրում է գիրքը, թղթի փողը հավաքելով բաժանորդագրությամբ, շարում է ինքը, իսկ տպագրության վարձը վճարելու համար՝ գտնում է մի ազգասեր մարդ, որ է՝ երևանցի Աղաջան Թաղիանոսյանցը, նրանից փոխ է առնում մոտ հարյուր մանեթ և հազարի չափ գրքեր հանձնում իրան, թե՝ վաճառեցեք, ձեր փողը վերցրեք, իսկ մնացած գրքերը և ավելացած փողը հանձնեցեք հեղինակին» (հ․ III, էջ 92 93)։

Աղայանի այս պատմածից միայն տեղեկանում ենք, որ «Արություն և Մանվել»-ի առաջին տպագրությունը և ապա՝ վաճառքը, շատ մեծ դժվարությամբ է գլուխ բերվել։

Աղայանը դեռ Պետերբուրգումն էր և ըստ երևույթին նոր էր գրաքննիչից թույլտվություն ստացել իր վեպի հրատարակության համար, երբ «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթում, 1867 թ․ փետրվարի 4-ի համարում, տպագրվում է հետևյալը․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ[1] ԵՎ ՄԱՆՎԵԼ
ԱԶԳԱՅԻՆ ՎԵՊ

Մոտերումս մեր ձեռքը ընկավ մի նոր հեղինակություն վերոհիշյալ մականունով։ Այս գրվածքը բովանդակում է իր մեջ մեր ազգի տնային, բարոյական, կրոնական և մտավոր կյանքը ու նորա ներկա վիճակը։ Նկարագրությունները բավական ընտիր են և կենդանի, այնպես որ կարող են կարդացողին տալ բավական ճիշտ տեղեկություն և հայեցվածք մեր, մանավանդ գյուղական ժողովրդոց, կյանքի վերա։ Ոմանք կամենալով այս գրվածքը տպագրել՝ հանձնառու են լինում հավաքել սորա համար ստորագրություն։ Հրավիրում ենք ամեն ընթերցասեր հայերին մասնակից լինելու այս ստորագրությանը, որ օր առաջ հիշյալ գործը լույս տեսնե և բավականություն

  1. Նկատենք, որ ինչպես «Մեղու Հայաստանի», նույնպես և «Հայկական աշխարհ» պարբերականներում տրված առաջին ծանուցումներում վեպի վերնագիրը տպվել է «Հարություն» և ոչ թե «Արություն»: Ըստ երևույթին խմբագրություններում ծանուցում-հայտարարությունը կազմելիս աչքից վրիպել է՝ Արությունը Հարություն են կարդացել և կամ ենթադրել են, թե՝ ինքնագրային կամ տպագրական սխալ է պատահել, չհասկանալով, որ հեղինակը գիտակցաբար է հերոսին Արություն կոչել և ոչ թե Հարություն։