Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/429

Այս էջը հաստատված է

պատճառի ընթերցողներին» («Մեղու Հայաստանի», 1867 թ., փետրվարի 4, № 4, էջ 32):

Դրանից մոտ հինգ ամիս հետո նույն պարբերականի հուլիսի 29-ի համարում ծանուցվում է արդեն, որ՝ «Արություն և Մանվել» ազգային վեպի առաջին հատորը ծախվում է պ. Ալադաթյանի գրավաճառանոցում...» («Մեղու Հայաստանի», 1867 թ., հուլիսի 29, № 28, էջ 244)։

«Հայկական աշխարհ» ամսագրի նույն տարվա (1867 թ.) 9-րդ համարում նույնպես տպագրվում է ծանուցում, որն իր բնույթով միաժամանակ և գրախոսականի արժեք ունի։

Ահա այդ ծանուցումը.

«Վերջերումս Թիֆլիսում «Հարություն և Մանվել» անունով պ. Աղայանի հեղինակած գիրք հրատարակվեցավ. բովանդակությունը ժողովրդի կյանքից քաղված է. Հայկական այժմյան կյանքի բազմաթիվ խնդիրներ ժողովրդի հայացքով սիրուն կերպով քննված են այս գրքում: Ուստի գրքի բովանդակությունը բոլորովին հետաքրքիր է և ընթերցանության արժանի. ոճը գավառական օտար բառերով և ցավալի է, որովհետև շատերին դժվար հասկանալի պիտի լինի:

Հայերը մանավանդ թիֆլիզեցիները, այո՛, պիտի ընթերցասիրեն այս գիրքը. գիրքը ծախվում է Թիֆլիսի հայ գրավաճառանոցներում: Գինը 1 մանեթ է» («Հայկական աշխարհ», 1867 թ., № 9, էջ 389):

«Արություն և Մանվել»-ի հեղինակի մյուս երկերի ներկա հրատարակության մի քանի տասնյակ հազարների հասնող տպաքանակի հետ համեմատելու համար, հետաքրքրական է իմանալ, որ վեպի առաջին հրատարակության տպաքանակը և ընթերցողների թիվը շատ սահմանափակ է եղել: Այդ մասին է վկայում վեպի առաջին հրատարակության վերջում (էջ 237—240) դրված բաժանորդների անուն-ազգանունների ցանկը հետևյալ վերնագրով.


«ԱՆՎԱՆՔ ՀԱՐԳՈ ԲԱԺԱՆՈՐԴԱՑ, ՈՐՈՆՔ ՁԵՌՆՏՈՒ ԵՂԱՆ ԱՅՍ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆԸ»

Ըստ այս ցանկի, մինչև տպագրվելը, «Արություն և Մանվել»-ի բաժանորդները եղել են 99 հոգի, որոնք խոստացել են տարածել 133 օրինակ: Բաժանորդներից ամեն մեկի անվան դիմաց գրված է, թե ով քանի օրինակ է բաժանորդագրվել։ Պարզվում է, որ 77 հոգի գրվել են 1-ական օրինակ, 12 հոգի՝ 2-ական, 6 հոգի՝ 3-ական և 2 հոգի՝ 5-ական օրինակ։ Բաժանորդների ցանկը կազմված է ըստ նրանց բնակության վայրերի։ Դրանից իմացվում է, որ (բերում ենք ցանկի հաջորդականությամբ) Ալեքսանդրապոլ քաղաքն ունեցել է ընդամենը 1 բաժանորդ՝ 1 օրինակով, Երևանը 12 բաժանորդ՝ 22 օրինակով, Թբիլիսին 44 բաժանորդ՝ 65 օրինակով, Ղուբան 8 բաժանորդ՝ 1-ական օրինակով, Շուշին 27 բաժանորդ՝ 28 օրինակով, Խարբերդը՝ 3 բաժանորդ՝ 1-ական օրինակով, այս վերջիններից երկուսը տպագրիչներ