Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/431

Այս էջը հաստատված է

ընթերցողների շրջանի սահմանափակությամբ, որի հետևանքով 50—60-ական թվականներին հրատարակված շատ նշանավոր գրքեր, մինչև իսկ տասնյակ տարիներով, մնում էին գրավաճառատներում։ Ահա օրինակ, 1867 թ. հրատարակված «Արություն և Մանվել»-ի հետ միասին, 1868 թվականի կեսերին, դեռ չէին սպառվել Աբովյանի «Վերք Հայաստանին» (հրապարակված 1858 թ․), Գամառ Քաթիպայի «Բանաստեղծությունք» (հրատ․ 1864 թ․), «Հատընտիր և պատկերազարդ առակք Եզոպոսի», «Առակք եղբարց Գրիմմա», «Վիլհելմ Թել կամ Հելվիտիայի ազատությունը» և այլ գրքեր, որոնք վաճառվում էին «Տփխիսում Ալադաթյանցի գրատանը» («Մեղու Հայաստանի», 1868 թ., № 27, էջ 208)։

Վեպի առաջին հրատարակության ու տարածման մասին եղած լրագրական հիշյալ հաղորդում-ծանուցումներից բացի՝ մամուլում 1867 թ. հուլիսի վերջերին տպագրվեց նաև առաջին ընդարձակ քննադատական հոդվածը («Մեղու Հայաստան»-ի, 1867 թ․, հուլիսի 22-ի № 27) անստորագիր, հետևյալ վերնագրով, «ԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ․ ազգային վեպ, հատոր առաջին։ Աշխատասիրություն՝ Ղազարու Աղայանց»:

Իսկ ո՛վ էր հոդվածի հեղինակը. այդ մասին տեղեկացնում է ինքը՝ Աղայանը շատ տարիներ հետո՝ «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության մեջ, հայտնելով, որ իր առաջին «կրիտիկոսը» Սեդրակ Մանդինյանն է եղել (սկզբում դերասան, իսկ հետագայում անվանի մանկավարժ)։ Այդ մասին Աղայանը գրում է.

«Սկսած 57 թվականի վերջերից ես Մանդինյանցի ամենամտերիմ բարեկամն եմ եղել։ Իմ բարեկամության հոգեբանական աղբյուրը հետևյալ դեպքն էր։ 67 թվականի ամառը Մանդինյանցը մի քանի շաբաթ վարեց «Մեղու»-ի խմբագրությունը, և այդ ժամանակ գրեց նա մի քննադատություն իմ «Արություն և Մանվել» վեպի մասին, որ նոր էր դուրս եկել»։

«Այս հոդվածը ես կարդացի դեռ Պետերբուրգումը և ինձ ու ինձ ասացի. «Այս ի՜նչ լավ տղա է եղել Մանդինյանցը, ի՜նչ լավ է հասկացել, ջոկել կենդանի գրողին մեռածից, բնականը՝ կեղծից․․․ Նույն տարվա վերջին ես եկա Թիֆլիս, հետն անձամբ ծանոթացա, ներկա եղա իր խաղերին և շատ հավանեցի։ Ես դարձա նրա միակ տաղանդավոր վիպասանը, իսկ նա իմ միակ տաղանդավոր դերասանը և կրիտիկոսը» (հ․ 3, էջ 169)։

Ինչո՛վ է հաստատվում Աղայանի հաղորդման ճշտությունը։ Նախ, որ Աղայանի վեպին վերաբերող անստորագիր հոդվածն իրոք տպագրվել է 1867 թ. ամառը (հուլիսի 22-ի համարում), երբ Մանդինյանցը մի քանի շաբաթ վարեց «Մեղու»-ի խմբագրությունը՝ փոխարինելով պաշտոնական խմբագրին։ Այդ մասին ինքը՝ Սեդրակ Մանդինյանը՝ «Մեղու Հայաստան»-ի 1867 թ. օգոստոսի 26-ի համարում, իր իսկ ստորագրությամբ տպագրած մի «Ծանուցումն»-ով հայտնում է. «Մենք պարտավորություն ենք համարում մեզ համար հայտնել, թե պ. Սիմոնյանցը հիվանդության պատճառով Աբասթուման գնաց և մինչև էնտեղից ետ դառնալը, «Մեղու»-ի խմբագրությունը հանձնեց մեզ՝ 22-րդ համարից սկսած «Մեղու»-ն ոչ թե պ. Սիմոնյանցը, այլ մենք ենք խմբագրել և անստորագիր հոդվածների համար ամենայն պատասխանատվությունը