Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/436

Այս էջը հաստատված է

է, որ ինքը 7—8 տարեկան հասակից հիշում էր, որ «մեծ քրոջ սենյակում կախված էր Աղայանի լուսանկարը, սեղանի վրա դրված էր նրա փառակազմ «Երկու քույր» վիպակը, որ նվեր էր ստացել սիրելի ուսուցչից»։ «Հիշում եմ,— գրում է բանաստեղծը,— որ քույրս մեզ համար կարդում էր «Երկու քույր»-ը։ Մայրս, եղբորս կինը և սպասավորուհին լաց էին լինում, ես էլ տխուր էի դժբախտ Արզումանի ողբերգական մահի համար։

Հիշում եմ նաև, որ քրոջս և ինձնից մեծ եղբորս հետ վեճի էի բռնվել «եղերական» բառի համար։ Գիրքը կրում էր այս բնորոշումը՝ «Եղերական վեպ»: Նրանք ասում էին, որ «եղերական»՝ կնշանակի տխուր, ողբալի, իսկ ես պնդում էի թե՝ կնշանակի «եղած, պատահած պատմություն»։ Նրանք ծիծաղում էին, իսկ ես զայրանում էի նրանց չհասկացողության վրա» (Ավ. Իսահակյան, «Երկերի ժողովածու», հատոր 4, էջ 11—12)։

Հեղինակի կենդանության օրով՝ «Երկու քույր»-ն ունեցել է միայն երկու հրատարակություն, ըստ որում երկրորդը առաջինից միայն 20 տարի անց 1892 թվականին («Дозволено цензурою, Тифлис, 20-го июля, 1892 г.» ինչպես նշված է այդ հրատարակության անվանաթերթի երկրորդ երեսին)։

Դժվար է ասել, թե հեղինակը, մինչև 2-րդ հրատարակությունը՝ նախորդ 20-ամյակի ընթացքում ե՞րբ, ո՞ր տարիներին է զբաղվել իր վեպի վերամշակումով, բայց որ նա իրոք, աշխատել է այդ ուղղությամբ, դա հաստատվում է նախ երկու հրատարակությունների միջև եղած շատ ակնառու տարբերություններով և ապա այն փաստով, որ հեղինակի արխիվում պահվում է վեպի առաջին (1872 թ.) տպագրության մի օրինակը, գրչագիր և մատիտագիր բազմաթիվ փոփոխություններով, որոնք գրեթե ամբողջությամբ արտահայտվել են երկրորդ (1892 թ.) հրատարակության մեջ։

Բայց վեպի ընդհանուր կառուցվածքը, մասերի ու գլուխների բաժանումը գրեթե նույնությամբ պահպանվել է, բացառությամբ Ը գլխից (էջ 30—37), որը երկրորդ հրատարակության մեջ դարձել է երկու գլուխ (Ը և Թ, էջ 42—45 և 45—50), ըստ որում՝ կրճատվել-հանվել է այդ գլուխները նախորդ հրատարակության մեջ իրար միացնող երկու ընդարձակ նախադասություն («Նոքա մտածեցին, թե երբևիցե գյուղը կը մտնի, տեսության կըգա յուր մորը, այն ժամանակ միայն հնար կա դուռը վերայից կողպել և ստիպել անձնատուր լինելու։ Բայց մեռնողների ազգականները Արզումանին իշխանության ձեռքը ձգելու մտադրություն չունեին, այլ մտածում էին մի որևիցե տեղ անզգույշ և անպատրաստի գտնել և գաղտնի կերպով գյուլլախորով անել, որով և առնել իրանց արյան վրեժը», էջ 33)։ Դրանից հետո Թ գլուխն սկսվում է․ «Արզումանը յուր անձի ապահովության համար երկյուղ չուներ ամենևին․․․» նախադասությամբ (համեմատել 1-ին հրատ, էջ 33 և 2-րդ հրատ, էջ 45)։ Իսկ մինչ այդ եղած Ա—Է գլուխները, ինչպես և 1-ին հրատ․ առաջին մասի Թ—ԺԱ (էջ 38—57) գլուխները հաջորդաբար համապատասխանում են 2-րդ հրատ․ նույն մասի Ժ—ԺԲ գլուխներին։

«Երկրորդ մասն» ըստ գլուխների անփոփոխ է մնացել, բայց ներքին տեքստային զգալի փոփոխություններ կան ամբողջ վեպում, ըստ որում՝ հեղինակը ձգտել է ստեղծագործության լեզուն մաքրել բարբառայնությունից