Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Այս էջը հաստատված է

նա մի անսովոր ընդունակության տեր տղա պետք է լինի, ուստի ինքն առաջարկեց Ավետիքին, որ Արությունի կրթության շարունակությունը իրան հանձնե։

Ավետիքն ուրախությամբ կատարեց տեր հոր առաջարկությունը, որովհետև յուր ծանոթ քահանաներից ամենից բարձր էր համարում նրան թե՛ վարք ու բարքի և թե՛ գիտության կողմից։ Եվ այդպես էլ էր։ Հռիփսիմեի ուրախությանն ևս չափ ու սահման չկար, թեև մի կողմից նրա մայրական զգացմունքը՝ կարոտելու մասին՝ տրորվում էին։

Այսպես ահա Արությունը մի նոր վարժապետ ունեցավ, որի մոտ ստացավ վանական ուսումն, Աստվածաշունչ, շարական, քրիստոնեական վարդապետություն, քերականություն։ Իսկ ազատ կարդալու գրքերն էին՝ Հարանց վարք, Այսմավուրք, Պղնձե քաղաքի պատմություն, Յոթն իմաստասիրաց գիրքը, Տաթևացու հատորները, և ուրիշ զանազան բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Այսպես լրացավ երեք տարին, և տեր հայրն ասաց, որ էլ բան չի թողել, բոլորն էլ սովրեցրել է Արությունին։ Եվ ճշմարիտ՝ տեր հայրը ծույլ չէր բան սովրեցնելումը։ Նա ուզում էր մի լավ աշակերտ թողնել իրանից հետո իբրև հիշատակ, և այդպես էլ նայում էր Արությունի վերա։ Ոչ մի բան չէր ծածկում նրանից և ամեն բան, ինչ որ գիտեր, սովրեցնում էր։ Նա գիտեր գերեզմանի քար գրել, կազմարարություն, այդ էլ սովորեցրեց Արությունին։ Վերջը, երբ ամեն բան հատավ, երբ սովրեցրել էր նաև մատնատումարը, ճյուղագրություն անելու ձևը, ինչ որ յուր կյանքումը մի հեքիաթ, առակ, հանելուկ ու առած էր լսել, բոլորն էլ ասել էր Արությունին, այնուհետև սկսեց մի այնպիսի բան սովրեցնել, որ ինքն էլ պիտի նոր սովորեր. դա էր Ալբերտի Աստվածաբանությունը, որ պիտի ըմբռներ տասներեք տարեկան երեխան։ Միայն Արությունը չէր, որ իբրև մանուկ, շատ միամիտ էր, նրա վարժապետը, որ հիսուն տարեկան մարդ էր, նրանից ավելի միամիտ էր։

Ալբերտի Աստվածաբանության սովորելը պետք է հիմնվեր մի շատ առաքինի վարք ու բարքի վերա և սուրբ կուսին պետք էր միջնորդ ունենալ, ինչպես սկզբումը մի ոտանավորի մեջ ասում է.