Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Այս էջը հաստատված է

Հաստ ու բարակն է մի գին,
Վայ գա բարակ մանողին...

Տեր Կիրակոսի տղին ճանաչո՞ւմ ես, էն խոզարածին,— ի՛նչ խոզարած, բռի արջ է։— Մի դարտակ «և ևս խաղաղության» է սովորել, ուզում է տերտեր դառնալ։ Ինձ խնդրում են, որ գործակալին հայտնեմ, որ գնա առաջնորդին բարեխոս ըլի։ Հիմի էլ հենց նրա համար եմ գնում։ Եկան հայր ու որդի, աղաչանք արին, ես էլ չկարողացա «չէ» ասել... Է՜հ, իմ ինչի՞ս է հարկավոր, մեղքն օրհնողի շլնքին․․․ Բայց ես մնացել եմ զարմացած։ Ասում եմ՝ «եկեղեցու յոթը խորհուրդը գիտե՞ս», ասում է՝ «չէ», «շարական ասել գիտե՞ս»,— «չէ», կարդալ, գրել, Տոնացույցի մտիկ տա՞լ,— «չէ»։ Օրհնվա՛ծ, ասում եմ, էլ ուրեմն դու ի՞նչպես պետք է քահանայություն անես։— Ես ի՞նչ անեմ, ասում է, հայրս ինձ ստիպում է, թե պիտի տերտեր դառնաս, որ իմ տեղը քեզ մնա, չե՞ս կարող, ասում է, սաղը կնքել, մեռածը թաղե՞լ, էդ ես հետո էլ կսովրեցնեմ, մի տասը թուման է առաջնորդի ջանը, ի՞նչ կասի, որ չի ձեռնադրիլ. «կաշառքը դրախտի դուռը բաց կանի»․․․

Մեկ ասող ըլի դրան, թե դու ինքդ ի՛նչ գիտես, որ դրան ի՜նչ սովրեցնես։ Աղոթքներն ու մաղթանքները բոլորը կիսատ է թողում, տիրացուի կողքին բռթում, որ շուտով քարոզն ասի։ Ավետարան կարդալիս մի գլուխ հազում ու նմնմացնում է, ոչ մի բառ ամբողջ չի դուրս թողնում բերնիցը, տառերի մեծ մասը կուլ է տալիս։ Դրանց եկեղեցու շարականի մեծ մասին դեռ ձեռք չի տված, հարության օրերին ապաշխարության շարական է ասում։ Բայց ինչպես թանկ է ծախում իր տերտերությունը, ամեն մի ծես կատարելիս փողն էս գլխիցն է առնում, էն էլ մեկն երկուսով, ում ուզում է՝ հաս է գրում, ում ուզում է՝ չհաս․․․ Չէ՛, դա անիրավություն շատ է անում, դրա համար քահանայությունը մի սուրբ պաշտոն չէ, այլ մի տեսակ չարչություն։ Ես գործակալի պաշտոնակատար եմ, որ ուզենամ, դրան պատժել կտամ, բայց ինչի՞ս է պետք, մենակ դա չէ էդպես, բոլորն էլ էդպես են, մեղավորը դրանց ձեռնադրողներն են․․․ Հապա՜, որդի, էսպես բաներ էլ կան աշխարհքիս վերա, աստված պահի, կմեծանաս, շատ բան կտեսնես...