Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Այս էջը հաստատված է

— Ես որ տերտեր դառնալու լինիմ, մինչև ամեն բան լավ չգիտենամ, չեմ դառնալ։

— Որդի, մարդս պետք է բնական ուսում ունենա, շատ կարդալով ոչինչ չի սովորիլ։ Տես՝ ինչքան մարգարեք են եղել, ինչքան առաքյալներ են եղել, նրանցից ոչ մեկն ուսում չի առել, բայց աստված տվել է նրանց շնորհք, իմաստություն, լեզվագիտություն...

— Բայց մեկ անգամ դու չասացի՞ր, տերտեր, թե մարգարեքն ու առաքյալները որ կան, աստծու աշակերտներն են, նրա ընտրածները, բայց մենք հասարակ հողեղեններս պետք է հողեղեններից բան սովորենք, պետք է աշխատենք... ես ինչքան պաս եմ պահում, աղոթք եմ անում, բայց որ չեմ սովորում դասս, ինքն իրան անգիր չի լինում։ Ճշմարիտ է, շատ գիշերներ երազումս կարդում եմ զանազան գրքեր, շարադրություններ, բայց միտս չեն մնում։

— Ես էնպես ասել եմ, որ դու աշխատես, չծուլանաս, խոսք էր, բերանս եկավ, ես էլ ասացի. բայց դու հավատա, որ եթե մեկը աստծո տված խելքիցը զուրկ լինի, նա ինչքան էլ ուսում առնի, ոչինչ չի դառնալ։ Հիմա տես, դու սիրում ես ուսում առնելը, էդ սերն աստված է գցել քո մեջ. բայց էնպեսները կան. որ ուսման սեր չունին, զոռով ստիպում են նրանց, որ մի բան սովորեն։ Բայց դու ուզում ես, այնպես չէ՞, դու ուզում ես շատ ուսում առնես, շատ բան գիտենաս...

— Երբ որ ասում ես, դեռ էլի շատ բան կա, որ ես չեմ կարդացել, ինչի՞ չկարդամ...

— Շատ լավ, հիմի գնում ենք քաղաք, եթե կուզես, ես քեզ կթողնեմ էնտեղ, որ մտնես ուսումնարան և շատ բան սովորես...

Մեր տերտերը հազարից մեկ անգամ մի ուղիղ բան էր ասել, բայց դուրս է գալիս, որ էդ էլ պատահմամբ է եղել. «Խոսք էր, ասում է, բերանս եկավ, ես էլ ասացի»։ Մեր տերտերը, որ գիտե, թե դժոխքումը քանի հոգի կան, բայց չգիտե, որ Գրիգոր Լուսավորիչն այդ ժամանակ դեռ ծնված չէր, մեր գիտնական հոգևորականների ներկայացուցիչն էր յուր ժամանակին, եթե ոչ շատ, գոնե մի քանի նահանգի վերաբերությամբ, և մի քանի վանքերի, որոնց միաբանների բոլոր փիլիսոփայությունը