Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Այս էջը հաստատված է

Ինքը՝ Աղայանը խորապես համոզված էր, որ եթե հետագայում «միշտ գրաշար չի մնացել», այլ բարձրացել է այդ վիճակից, դարձել գրող-բանաստեղծ, խմբագիր ու հրապարակախոս, ուսուցիչ-մանկավարժ, դասագրքերի հեղինակ, ակտիվ հասարակական գործիչ,— ապա՝ «այս ամենը ծնունդ են առել իմ գրաշարությունից»,— ասում է նա:

Թբիլիսիում մոտիկից շփվելով հայ գրական-մշակույթային միջավայրին պատանի Աղայանի մեջ աճում է հետաքրքրությունը գրականության և գաղափարական պայքարի նկատմամբ: Նա կարդում է էնֆիաճյանցի տպարանում տպագրվող պարբերականները («Մեղու Հայաստանի»-ն ու «Կռունկ հայոց աշխարհի»-ն), ինչպես և Մոսկվայից եկող «Հյուսիսափայլ»-ը՝ ժամանակի հայ ամենաառաջադեմ պարբերականը, որը Նալբանդյանի գերիշխող ազդեցությամբ, բարերար նշանակություն է ունենում երիտասարդ Աղայանի գրական ու հասարակական հայացքների ձևավորման գործում: Աղայանի վկայությամբ՝ Թբիլիսիի հայ առաջավոր մտավորականությունը, մանավանդ Ներսիսյան դպրոցն ավարտած երիտասարդությունը, հետևում էր «Հյուսիսափայլ»-ի ուղղությանը՝ ի հակադրություն հետամնաց-կղերական մտայնության: «Իմ հիշած ժամանակ,— գրում է Աղայանը,— Ներսիսյան դպրոցի նորավարտ աշակերտները բոլորն էլ «Հյուսիսափայլ»-ին էին համակրում և սրտատրոփ սպասում էին Կոմս էմմանուելի գրվածքներին»[1]:

Հասարակական-գաղափարական այդ մթնոլորտում հասունանում է Աղայանի միտքը և նա ստեղծագործական փորձեր է կատարում, դեռևս լուրջ նշանակություն չտալով դրանց: Եվ ահա՝ 1862 թ. մայիսին Պետրոս Սիմոնյանի «Մեղու Հայաստանի» լրագրում լույս է տեսնում Աղայանի առաջին բանաստեղծական թոթովանքը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» վերնագրով:

Չնայած իր սովորական վերնագրին՝ դա իրական կյանքի ու հայրենի բնության շնչով համակված ինքնաբուխ բանաստեղծություն է, որն արտահայտում է հայրենասեր պատանու սերն ու մտահոգությունը խավարի, հետամնացության ու աղքատության մեջ տառապող աշխատավոր ժողովրդի հանդեպ: Այդ բանաստեղծությամբ էլ սկսվում է Աղայանի ստեղծագործական կյանքը: Կարդալով այդ ոտանավորը, «Կռունկ» ամսագրի խմբագիր Մարկոս Աղաբեկյանը խրախուսում է պատանի բանաստեղծին և խորհուրդ տալիս, որ նա անպայման շարունակի իր ուսումը Ռուսաստանում՝ Մոսկվայում կամ Պետերբուրգում:


2

1862 թ. ամռան օրերին՝ Աղայանն, իր տպարանական մտերիմ ընկերոջ՝ Միքայել Բադալյանցի հետ միասին, Թբիլիսիից ուղևորվում է դեպի Մոսկվա: Հանուն ուսման և արհեստի կատարելագործման, նրանք հաղթահարում են երկարատև ճանապարհի դժվարությունները. «Համարյա ոտքով վեց ամսում հազիվ հասանք մինչև Մոսկվա...: Ամենազարհուրելի և քստմնելի հեքիաթներում

  1. Երկեր, հ․ 3-րդ, էջ 198։