Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Այս էջը հաստատված է

մնաց տեղնիտեղը մեխված, էլ չկարողացավ մի քայլ հառաջ փոխել...

— Հրաշալի՜ տեսարան,— բացականչեց վերջապես Արությունը։— Սա ինքն է «Պղնձե քաղաքը»,— ասում է Արությունը և քիչ է մնում Տալիփի նման «շաբա՜շ-շաբա՜շ» աղաղակելով թռչել սարի գլխից և ընկնել իր ներքև ընկած խորերն ու ձորերը։— Էս անպատճառ Սողոմոնի հրաշագործությունովը կլինին էսպես պայծառացած... Ա՜խ, աստված թև տար ինձ, էս րոպեիս կթռչեի ու կսկսեի սրա վրա սլտույտ-պտույտ գալ։ Քաղաքացիք կզարմանային, կասեին՝ «էս ո՜վ է, երկնքից է գալիս»... Տերտերը Եղիսեի նման կաղաղակեր «Հա՜յր, հա՜յր, կառքդ Իսրայելի և հեծյալդ դորա»․․․ հենց կիմանար, թե Եղիայի նման երկինքն են տանում ինձ...

Մինչև Արությունն այսպես մի քանի րոպե կզվարճանար քաղաքի երևույթով, տեր հայրն էլ հասավ, իջավ ձիուցը և մտրակի կոթը դեպի քաղաքը մեկնելով, ցույց տվավ Արությունին, թե ինչ տեղ է առաջնորդարանը, ինչ տեղ է կենում գործակալը, թե այն՝ այսինչ եկեղեցին է ու այս՝ այնինչ։ Վերջապես մտան քաղաքը։ Վախենալով՝ որ մի գուցե Արությունը մոլորվի ու կորչի կամ դրոշկի տակ ընկնի, տերտերն առաջուց զգուշացրեց նրան, որ այս ու այն կողմ չնայի։ Այսպես հասան մինչև Հավլաբար, ուր ձին մի թավլում կապելուց հետո, Արությունի ձեռով ուղարկեց գործակատարի համար բերած թխվածքն ու մեղրահացերը։ Գործակատարի տունը ցույց տալու համար՝ տեր հայրը կանգնեցրեց Արությունին մի փողոցում, ձախ ձեռը դրավ նրա ուսին և աջ ձեոը մեկնելով դեպի մի կողմ, ասաց.

— Էսպես կե՛րթաս, հետո աջու կռանդ վրա շուռ կռաս, էնտեղ մի նեղ քուչա կա, էն նեղ քուչովս էլ որ մի քիչ կերթաս, էլի մի ուրիշ քուչա կգա առաջդ, նրանով էլ մի քիչ որ կերթաս, մի տուն կտեսնես՝ մի փոքր բախչա առաջին։ Էնտեղ կհարցնես, կասես՝ տեր Փիլիպոսենց տունը ո՞րն է, կասեն՝ «ա՛յ էս է»։ Կմտնես տուն, փափախդ վեր կալնես ու էդ կտաս իրանց, կասես՝ տերտերն ուղարկեց։ Իմացա՞ր։

— Իմա՛ցա, իմացա... Էսպես կերթամ, հետո աջի կռանս վերա շուռ կգամ... Կգտնեմ, կգտնեմ...