Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Այս էջը հաստատված է

— Ես գիտեմ, որ կգտնես... Էս տեղը մտքիցդ չգցես, ես էստեղ կսպասեմ քեզ։ Դե գնա՛, մի՛ վախենար։ Տեր ուղղեսցե զգնացս քո ի ճանապարհ խաղաղության...


Դ
ՎԻՊԱԿԱՆ ԱՆՑՔԵՐ

Հավլաբարի տներից մինի մեջ թախտի վերա ծալապատիկ նստած՝ խոսում էին իրար հետ երկու մատաղահաս կանայք։ Սրանցից մեկն էր Արությունի քույրը՝ Օսանան, իսկ մյուսը Մանվելի քույրը՝ Հոռոմսիմը, որ Օսանին մոտիկ դրացի լինելով՝ եկել էր նրա մոտ գյուղից ստացած մի տխրալի լուր հաղորդելու։

Շատ անգամ աշխարհիս երեսին այնպիսի դեպքեր են կցորդվում միմյանց, որ կարծես մի աներևույթ ձեռք մի որևիցե նպատակով նրանց իրար հետ շաղկապած լինի։ Արությունն ու Մանվելը միմյանց հանդիպում են դիպվածաբար, բարեկամության ուխտ են դնում բնազդմամբ, նրանց քույրերն էլ՝ դարձյալ դիպվածաբար՝ վաղուց արդեն պատահել են միմյանց։ Երկուսն էլ հարս են քաղաքումը, երկուսն էլ դրացի, երկուսն էլ շատ սիրով կապված միմյանց։

— Օսանա՛, գիտե՞ս էս քանի օրս ի՞նչ է պատահել Դաղեթումը։

— Ոչինչ չեմ լսել, ի՞նչ է պատահել։

— Մագթաղի տղան՝ Սոսին, ինքն իրան սպանել է...

— Ի՞նչ ես ասում․․․ Խե՜ղճ տղա. ի՞նչ է պատահել տեսնես, ինչո՞ւ է սպանել...

— Մի չլսված բան. Շամիրն էլ իր կնկանը՝ Մարիամին է սպանել. Մարիամի նշնելու քուրը՝ Հերիքն էլ գժվել է, նա էլ էնտեղ է գլուխը մահու տվել, բոլոր անբախտությունը նրանից է պատահել, որ Սոսին ուզում է եղել նշանվի Հերիքի վերա, կամ թե նշանած է եղել, չգիտեմ, միայն Հերիքը կենում է եղել իր քվոր կշտին, Սոսին նրանց մոտ թաքուն գնալ գալ է ունենում, Շամիրն էլ տեսնում է, վատ կարծիք է տանում