Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Այս էջը հաստատված է

անգամ չլսված տանջանքներով մենք վերջապես հասանք մեր նպատակին...»[1]— գրում է Աղայանն իր հուշերում:

Ամբողջ հինգ տարի (1862—1867 թթ.) Աղայանը ապրում ու որպես գրաշար աշխատում է Ռուսաստանի երկու խոշորագույն կենտրոններում՝ Մոսկվայում և Պետերբուրգում:

Ռուս հեղափոխական-դեմոկրատիայի տիրական գաղափարական ազդեցությամբ հատկանշվող այդ ժամանակաշրջանը բախտորոշ նշանակություն է ունենում խանդավառ երիտասարդի կյանքում: Ճիշտ է, նրան չհաջողվեց սովորել Մոսկվայի կամ Պետերբուրգի համալսարանում, բայց դրա փոխարեն ոչ մի դժվարության առաջ տեղի չտվող իր ուժեղ կամքի շնորհիվ, նա կարողացավ կատարելապես տիրապետել տպագրական գործին և դրան զուգընթաց մեծապես առաջադիմել մտավոր զարգացմամբ:

Աղայանն իր մտավոր զարգացման համար շատ վճռական է համարում առանձնապես Մոսկվայում անցկացրած մեկ տարին: «Մոսկվայում,— գրում է նա,— ես մնացի 63 թվականի վերջերից մինչև 64 թվի վերջերը, և այդ փոքր ժամանակամիջոցը կարելի է համարել իմ մտավոր զարգացման ոսկեդարը»։ Իսկ դա այն բանի շնորհիվ, որ «Հյուսիսափայլ»-ի տպարանում աշխատելիս՝ «ես ժամանակ ունեցա իմ ինքնակրթությունս մի սիստեմի տակ ձգել. պարապել որոշ ծրագրով, գիտությունների տարերք ստանալով»[2]։

Մոտիկից շփվելով Մոսկվայի համալսարանի ռուս ու լեհ ուսանողներին, հաճախակի հանդիպումներ ունենալով նրանց հետ, երիտասարդ Աղայանը ձեռք է բերում բազմակողմանի գիտելիքներ և հաղորդակից լինում լեհ ուսանուղներին հուզող քաղաքական հարցերին ու հայրենասիրական գաղափարներին, նրանց հետ միասին վերապրում լեհ ժողովրդի ազատագրական ձգտումները, որոնք այնքա՜ն հարազատ էին հայ երիտասարդի հոգուն:

Ինչպես Մոսկվայում, նույնպես և Պետերբուրգում (1864—1867 թթ.) Աղայանը շարունակում էր լինել հեղափոխական հայրենասիրությամբ տոգորված լեհերի միջավայրում: Պետերբուրգում նա սենյակ էր վարձել «մի լեհացու բնակարանում...: Ընկեր գրաշարներս նույնպես լեհացիք էին: Իմ և նրանց մեջ այնքան սեր և մտերմություն կար, որ հասնում էր մինչև հոգեկցության»[3],— գրում է Աղայանը:

Աղայանի հասարակական-քաղաքական ու մտավոր զարգացման, ինչպես և գրական գործունեության սկզբնավորման համար առանձին նշանակություն է ունեցել նրա մասնակցությունը Պետերբուրգի հայ ուսանողական «Ժողովի» հավաքույթներին (1865—1867 թթ.):

«Ժողովն» զբաղվում էր հայոց լեզվի, գրականության և պատմության, մանկավարժության և բնական գիտությունների ուսումնասիրության հարցերով: Հավաքույթներին «Ժողովի» անդամները կարդում էին իրենց ինքնուրույն կամ

  1. Երկեր, հ. 3-րդ, էջ 214։
  2. Նույն տեղը, էջ 61։
  3. Նույն տեղը, էջ 69։