Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/79

Այս էջը հաստատված է

շալակած ջուրը գնալիս՝ ձեռքները չեն ուզում պարապ թողնել, գուլպա գործելով են գնում։ Կամ երբ որ աղբյուրի նոբաթը ուշ է հասնում իրանց, նրանք պարապ ու անգործ չեն կանգնում. էդ միջոցին էլ կամ գուլպա են գործում, կամ իլիկ մանում։ Գյուղերումը առհասարակ ծույլ տղամարդիկ խիստ շատ կան, բայց ծույլ կնիկարմատ շատ հազիվ կպատահի: Խոսքս մասնավորցնեմ Արությունի մոր վերա, որ մեր Սոփիոն իմանա, թե նա ինչ է անում։

Մանդր երեխանց տեր, աղջկակոխ էլած, հիմի արի նրանց շորերը կարիր, կարկատիր, լվա, թափ տուր, հագցրու, տունը սրբիր, տեղերը գցիր, հավաքիր, օրը երկու թոնիր հաց թխիր, կուժն ուսիդ դիր, գնա հեռու գետիցը հինգ վեց անգամ ջուր բեր, կերակուրն եփիր, մշակներին, հյուրերին հաց տուր, տանըցոց գլխները շաբաթը մեկ անգամ լվա, երեխանցը լողացրու շալակով բերած ջրովդ, մարդի ոտներն ամեն իրիկուն լվա, տրխնին հանիր։ Հիմի արի աղջկերանցդ համար բաժինք շինիր, չվալ, խալիչա, կարպետ, խուրջին, մափռաշ, աղաքսակ, մեզար, ջեջիմ, ղջարի գործիր, նոքարի ու տղերանց համար՝ հորագործ շալ ու շալվար գործիր, մարդի համար տափագործ. ներկիր, կարիր, հագցրու... Հիմա արի ճիճու սլահիր, աբրեշում քաշիր, քեզ համար ու աղջկերանցդ համար աբրեշումե դերիացու գործիր, տղերանց համար շապկացու, գոտկացու... Հիմի արի կովերը կթիր, հորթերը կապոտիր, դուրս արա, օրը մեկ-երկու խնոցի հարիր, եղը հալիր... Հիմի կալի-կուտի ժամանակ է, գնա արեգակի տակին, երեխեն ձեռիդ, կանգնիր, կամը քշիր, եղիր, հաշան արա, քամելուն օգտիր, կալը սրբիր, պաճն ավլով քաշիր, քոչալն իստկիր, ցորենը շատարարի, աղունի համար խախալիր, տեփրիր, քարերը ջոկիր, ձավարի համար ընտրիր, ծեծիր, քամիր, աղա... Հիմի բաղաքաղի ժամանակ է... Հիմի սար պետք է գնալ... Էհ, ինչ եմ ասում, որ մի շաբաթ օր ու գիշեր ասեմ, էլի նրա արածի համառոտ ցուցակը չի կազմվիլ։ Գեղի մեկէլ կնանիքն էլ ներքի թաղիցն սկսած մինչև վերի թաղը խեղճին չեն հանգստացնում։ Մեկն ասում է՝ մի արի մինթանաս ձևիր, մեկն ասում է՝ մեկ արի ջեջիմս հինիր, որն էլ գալիս է՝ թե ասպս մճճվել է, մեկ արի շտկիր. էսպես հազար ու մի բան։ Որ մի