Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Այս էջը հաստատված է

գիր սովորելու ոչ սեր ուներ, ոչ հավես. երբ որ մի թուր կամ թվանք էր տեսնում, սիրտը թրթռում էր, ե՞րբ կլինի, ասում էր, որ ես էլ կունենամ թուր ու թվանք. ե՞րբ կլինի, որ մի լավ ձի ունենամ, լավ յարաղ, ասպաբ։ Տեր Օհանն էլ աշակերտի սրտի մեջ ուսման սեր գցելու ոչ շնորհք ուներ, ոչ կամք, նա մի կատարյալ դահիճ էր աշակերտների համար։ Ժամանակն էդպես էր պահանջում, նա էլ իր ժամանակի մարդն էր։ Մեկ օր փալախկա գցեց Ավետիքի ոտները. չար Ավետիքը քիչ մնաց թե կատաղի, վրա ընկավ մրքիցն էնպես քաշեց, որ տերտերի աչքերիցն արտասուք եկավ։ Տերտերը դեղնեց, սփրթնեց, թե՝ «Էս լավ նշան չէ, սա մարդասպան կդառնա»... Բռնել տվավ Ավետիքին մեկ լավ ծեծեց, հետո դուրս արավ։ Նա էլ կարծես էդ էր ուզում. փախավ գնաց, էլ ետ չեկավ։

«Ճշմարիտ է, Ավետիքը գեղումը մեծացավ, բայց էնպես մի տղա դառավ, որ ամենքն էլ նրա արևովն էին երդում ուտում. ուրիշ գեղ գնացած ժամանակն էլ մեկ մեկու մատով էին նշանց տալիս, մի խոսքով՝ մի գեղ էր, մի Ավետիք։ Հասանխանի տարին նա շուլավրեցի Սոսի աղի աջի կուռն էր։ Երբ որ քուրդ ու ղզլբաշ չափմիշ արին, թալանեցին Ռատևանա նեմեցներին, նրա չորս կողմի գեղերի ժողովուրդը փախել էին, հավաքվել Դաղեթի տակը, Խրամումը։ Ավետիքն էլ իր ընկերներով դրսից ամեն բան հասցնում էր նրանց, որ քաղցած չմնան։ Հարս ու աղջիկ, ծեր ու պառավ, ամենքն էլ փրկչի տեղ էին դնում նրան, սիրում, պաշտում։ Նա էլ հենց աշխարհքի էդ խառնված ժամանակը մեկ օր Խրամումը տեսնում է Հոռոմսիմին մի քանի աղջկերանց հետ, արյունը գլուխն է ընկնում, քիչ է մնում թե ձիուցը վեր ընկնի։ Վեր է գալիս ձիուցը, աղջկա կուռը պինդ բռնում։ Նրա կշտի աղջկերքը, որ Ավետիքից էդպես բան չէին սպասիլ, երբ որ տեսնում են, թե նա ուզում է փախցնել, վազում են, իմաց տալիս նրա ազգականներին։ Հոռոմսիմը մի քիչ հառբա զոռբա էր անում. որ Ավետիքի ձեռիցն ազատվի, նա ասում է՝ անմեղ մի՛ չարչարվիլ, ես էնպես ղուզղուն չեմ, որ ձեռքս ընկած ճուտը բաց թողնեմ, մի՛ վախենալ, ես քեզ չեմ փախցնելու, միայն ինձ ասա՝ տեսնեմ դու ո՞ւմ աղջիկն ես, որ էդքան սիրուն ես, անումդ ի՞նչ է, ես քեզ պիտի ուզեմ, ինձ չես հավանո՞ւմ... Աղջիկը