Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Այս էջը հաստատված է

ապրող մարդիկս մեզ չենք կարող ներկայացնել մեր պապերի քաշածն ու արածը, մի ժամանակ, երբ մարդու գլուխն ու սոխի գլուխը մի գին է ունեցել։ Սով, սրածություն, արհավիրք, մահտարաժամ, փախուստ, գաղթականություն, և այդ էլ շարունակ. մեկը պակասում է, մեկէլն է գալիս, մեկէլն անցնում է, մյուսն է վրա հասնում։ Հերս պատմում էր, թե Վերդին հարյուր մարդից ավելի է սպանել, բայց ինքն ասում է՝ ես միայն մեկ մարդ եմ սպանել, որովհետև էդ մեկ մարդուն քնած ժամանակն էր սպանել և դրա համար էր ապաշխարում եկեղեցու դրսումը... Ինչևիցե, աստված ողորմի հոգուն, իգիթ մարդ էր... Մեր Ավետիքն էլ ուղիղ իր հորն էր քաշել։ Քանի որ ազապ էր՝ ամսով, տարով տանը չէր կենում. մեկ լսվում էր, թե՝ Երևան է, մեկ թե՝ Ղարաբաղ է, մեկ էլ թե՝ Քարթլ է, որտեղ մի ապստամբություն, մի շարժում էր լինում, նա իսկույն հասնում էր։ Ուրիշներից որ իմանում էր, թե իր հերը, պապը շատ քաջ տղամարդիկ են էլել, խաների բեղերի գլուխ չեն էլել վեր բերելիս, նա գժվում էր, չոլերն ընկնում, որ քաջութենում նրանցից անց կենա, որ չասեն, թե՝ «դու քո հոր տղեն չես», բայց պսակվեց թե չէ, էլ տանիցը դուրս չեկավ, թե՝ «Իգիթի ապրանքն իր աչքի առջևը պետք է լինի»։ Սերի էդ տաք-տաք ժամանակ Հոռոմսիմն էլ սկսեց նրան քարոզել, հավատի բերիլ. ինչ որ աղոթք գիտեր, դիփ էլ սովրեցրեց. սկսեց պատմել ճգնավորներից, սուրբերից, մի խոսքով ինչ որ լսել էր Հեղինեից։ Ժամ գնաց, հաղորդվեց. լուսահոգի տեր Ղուկասը նրա խղճմտանքն անհանգստացրեց, մեղքերը շլնքին դարսեց, ծանր ապաշխարանքներ դրավ վերան և էդպես էն առյուծ տղային շինեց մի գառը։ Շատ տեղեր էր ման եկել, քիչ շատ քաղաքավարություն էր սովորել, վրացերեն, թուրքերեն ճարտար խոսում էր, ռուսերեն էլ կոտրտում էր։ Մարդամեջ ընկավ, մարդիկն սկսեցին պատվել, պաշտել, մողրովի ու նաչալնիկի մոտ միշտ նրան ուղարկել, նրան քյոխվա շինել, նա էլ տեսավ, որ ոչով իրա չափ խելք ու շնորհք չունի, սկսեց նրանց գլխին փիլիսոփա դառնալ։ Նա որ մի ժամանակ ոչ հավատ ուներ, ոչ հույս, որովհետև նրա հավատն ու հույսը իր թուրն ու թվանքն էին, հիմի, ինչպես կասեն՝ «Օխտը վարդապետի ղադամ բան գիտե»։ Հիմի որ հազար թուման տաս,