Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Այս էջը հաստատված է

Արությունի ուսման առաջը փակել, եթե միայն նրա սրտի մեջ կընկնի մի ուսումնասիրության կայծ։ Բայց եթե առհասարակ խոսելու լինենք գեղացոց վերա, էդ ուրիշ բան է։ Պետք է քաղաքը քիչ թե շատ ուսումով լցնվի, «որ լափունը տա՝ ածի գեղերը»։ Բայց դեռ մեր քաղքցիք իրանք չեն իմանում ուսման հարգն ու կարևորությունը, դեռ իրանք են մի բան առնում, որ իրանց երեխին ուսման տան, գեղացիք ի՞նչ տեղից կիմանան, կամ վերջապես նրանք ի՞նչ գիտեն, թե ուսումն ի՞նչ է։ Զոռով բան չի լինիլ, տեր հայր, ամեն բան իրա ժամանակն ունի, իրա պատճառը։ Շատ անգամ գարունքը գալիս է, որ ծառերի ծաղկելու ժամանակն է, բայց շատ ծառեր չեն ծաղկում, պատճառն ի՞նչ է.— ցուրտը տարած է լինում նրանց։ Մենք որ կանք հիմա՝ մեկ ցրտատար, ջրատար ազգ ենք. մեզանից եթե հազարից մեկը ծաղկե, էն էլ մեծ բան է... Հասկանո՞ւմ ես իմ ասածը, տերտեր ջան...

— Ի՞նչպես չեմ հասկանում, օրհնված, դու հենց մեզ ամենքիս էլ երեխի տեղ ես դրել...

— Դե որ հասկանում ես, էլ ի՞նչ ասեմ, «զի որ ունիցի ականջս լսելո, լվիցե»։ Ասած է. «Ականջը նրա համար չի շատ մեծանում, որ շատ բան է լսում»։ Ես շատ խոսեցի, հոգնեցա. ի՞նչ անեմ, էրված տեղեր ունեմ, ասած է՝ «Դարդ ունեցողը յանգշաղ կլինի»։ Հիմի ես մի տեսակ յանգշաղ եմ դառել. հույս ունիմ, որ դու կներես, տեր հայր... Սոփիո ջան, շուտ արա, սուփրեն գցիր...


Զ
ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐ

Երբ որ Օսանան եղբորը տարավ իր մոտ, սկսեց պատմել նրան, թե ի՞նչ են դառնում գյուղից քաղաք եկողները. թե՝ քաղաքի ուսումնարանները լավ են, սովրեցնում են մի քանի լեզու. թե՝ շատ անգամ գյուղից աղքատ երեխեք են գալիս և ուսում առնելով՝ դառնում են վարժապետներ, գրագիրներ, չինովնիկներ. թե ինչպես նրանք հարուստ մարդի աղջիկ են ուզում և իրանք էլ հարստանում, թե ինչպես այս և այն անձը