Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Այս էջը հաստատված է

մեծ մարդ կդառնաս, համ քեզ կըլիս շահ, համ թագավորին. հաբա՞...

— Որ գիմնազիումը լավ սովորեմ, հետո մողրով էլ կդառնամ, չէ է՞․․․

— Մողրո՞վն ինչ է, դու նրանից էլ մեծ մարդ կդառնաս, ենարալ կդառնաս...

— Ո՜ւհ, ամա մեծ մարդ կըլիմ հա՜... Ղորդ, էդքան կբարձրանա՜մ... Էհ, ենարալ չէ, որ եթե մի հասարակ դիլբանդ էլ դառնալու ըլիմ, ես կմտնեմ գիմնազիա։ Ա՜յ մեր գեղցիք, լեզու չգիտեն, օրենք չգիտեն, մի հասարակ յասավուլի առաջ փափախնին վեր են կալնում, կշտին կուչ գալիս։ Քանի անգամ եմ տեսել մողրովին իմ հորը ծեծելիս։ Նոր չէ՞ր, որ բերդն էլ գցեցին, ուզում էին Սիբիր ուղարկեն։ Մեկ անգամ տարել էր մոտը, էլ բաց չէր թողնում, թե՝ դու ինձ պետք ես, լեզու գիտես, ղոչաղ մարդ ես, դու ինձ պետք է օգնես, որ բոլոր գողերին բռնոտենք։ Վար ու ցանքի ժամանակ է, խալխն իրանց բանը վերջացրել են, մենք դեռ մի հատ ցորեն չենք գցել հողը։ Մեկ էլ տեսանք, հրես մողրովը եկավ մի հարյուր ձիավորով։ Եկան մեր դռանը վեր եկան։ Երբ որ գնալու էին, հերս ասեց.— Աղա, խնդրեմ ինձ մուրախաս անես, ես մենակ մարդ եմ, տանս ուրիշ աշխատող չունիմ, հիմի էլ ուրիշներին տար. թե որ բեգառ է, պետք է ամենքն էլ քաշեն։ Նա թե՝ չի կարելի, պետք է գաս։ Չեմ գալ, պիտի գաս, մի քիչ ընդդիմացավ հերս։ Մողրովը չիբխի գլուխը հանեց ու նրա կոթովը մին թե երկու, հորս գլխին ու երեսին... էնքան խփեց, որ արնակոլոլ արավ։ Էնպես բարկությունս եկա՜վ, մի մեծ քար վեր կալա, որ տանեմ մողրովի գլխին գցեմ, մեր մարդիկը խլեցին ձեռիցս, թե՝ էդ ի՞նչ ես անում, գիժ, ուզում ես, որ մեր սաղ գեղը կրակ տան, էրե՜ն... Հապա՜։ Էնպես բաներ եմ տեսել, որ սիրտս արնով լցվել է, աչքերս պեծին-պեծին արել, հիմի էլ ամեն միտս գալովս ջանս սռսռում է, մազերս փշաքաղում։ Ես միշտ աստծուն աղաչանք եմ անում, որ հոգիս չառնի, ինձ լեզու տա, շնորհք տա, որ ես դրանց բոլորի ջիգրը հանեմ, սիրտս հովացնեմ... Ես որ չինովնիկ դառնամ, որ էլ ոչով իրավունք չունենա ինձ վրա ձեռք վեր բերել, այնուհետև ես գիտեմ, թե ինչեր կանեմ․․․