Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Այս էջը հաստատված է

շատ ածեցին, որ շինեցին մի անձրևի տակ ընկած լխպոր ճուտ։ Դրանով վարժապետի գազանությունը չմեղմացավ, բայց Արությունի սիրտր քիչ էր մնում տրաքեր, իր կյանքում առաջին անգամ ստանալով վարժապետից մի պատիժ և այն էլ այդպես խիստ ու բարբարոսաբար։ Նրա պատվասիրությունը սաստիկ վիրավորվեցավ և այնուհետև սկսեց ատելով ատել այդ վարժապետին։

Հայկաբանության այդ վարժապետից շատ վախենում էին բոլոր աշակերտները և շատ էլ ատում նրան։ Դա վարժապետ էր և միևնույն ժամանակ գիշերօթիկ ավագ վերակացու։ Դա մի խաչագող էր Թմբուլ գյուղից։ Իր ուսումն ավարտել էր միևնույն Ներսիսյան դպրոցումը, բայց դպրոցը նրան չէր բարոյականացրել, այլ ավելի ևս անբարոյականացրել էր։ Նա ուսում չառած՝ գուցե մի անշնորհք խաչագող կլիներ, ոչ այնքան վտանգավոր, բայց այժմ նա ավելի էր ճարպիկացել և ավելի հնար ուներ վտանգավոր լինելու։ Հիրավի նա արդեն իր լրտեսությունով եպիսկոպոսի հովանավորությունն ու պաշտպանությունը գրավել էր. նա արդեն հող էր փորում տեսչի համար և ամենայն կեղտոտություն և չարություն գործ էր դնում ուսումնարանումը, և․․․ բոլորն էլ անց էր կենում, բոլորն էլ մարսում էր...

Ռուսաց լեզվի այդ դասատան վարժապետը մի խելագար երիտասարդ էր։ Դրա դասին ծիծաղ էր, որ այստեղից այնտեղից բարձրանում էր, որից խելագար վարժապետն ավելի ևս գժվում էր։ Նա վերջը իսկապես գժվեցավ և մեռավ։

Թվաբանության ուսուցիչը մի խենեշ արարած էր։ Նա իր դասը թողած նստում էր իր ընտրած կամ ընտրելի աշակերտի կողքին, ջեբերը պտրտում, գլուխը շփում... — Աշակերտներից շատերն այդ փորձերին ենթարկվելով՝ ամոթից լաց էին լինում... Կային և վարք ու բարքով ապականված աշակերտներ, որոնք վարակում էին և ուրիշ շատերին։

— Այս ի՞նչ խայտառակություն է,— հարցնում էր Արությունը Մանվելին, քանի որ դեռ նոր էր։

— Մեզ ի՞նչ, եղբայր, երևի սրանց ադաթն էլ այսպես է,— պատասխանում էր Մանվելը, և այնուհետև լռում էին երկուսն էլ, թե՛ ներսը և թե՛ դուրսը։