Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Այս էջը հաստատված է

Դպրոցի բոլոր բարոյական և կրթական թերությունները չէին կարող ծածուկ մնալ տեսչի նկատողությունից։ Նա ուզում էր դուրս անել վատ վարժապետներին, բայց դուրս անել քրիստոնեաբար, առանց հայտնելու, որ նրանք այս կամ այն թերությունն ունին և անհարմար են վարժապետության։ Նա մոռանում էր, որ քրիստոնեության հիմնադիրն ինքը այդպիսիների համար խարազան ուներ ձեռին։ Պարոն տեսչի քրիստոնեաբար վարվելու հետևանքն այն եղավ, որ ինքը մեղադրվեցավ քրիստոնեական ջերմեռանդության մեջ և քրիստոնեաբար հեռացավ ուսումնարանից, իբրև մի քրիստոնյա հերետիկոս...

Այսպես հեռացավ պոչավոր աստղը և մեջտեղ կրկին պծպծացին լուսատտիկները։ Շատ աշակերտներ հեռացան այսուհետև ուսումնարանից առանց ուսումն ավարտելու։ Դրանց թվումն էին և Արությունն ու Մանվելը, որոնք նոր էին փոխադրվել վերջին դասատուն։ Դուրս եկող աշակերտներից շատերը մտան արքունական ուսումնարան, նրանց օրինակին ուզեցան հետևել և Արությունն ու Մանվելը, և հարցաքննություն տալու համար սկսեցին պատրաստվել տանը։ Մի քանի հայ աշակերտներ գիմնազիայի վեցերորդ դասարանից դաս էին տալիս նրանց ձրիաբար։ Այս ժամանակ ահա մեր տղայոց համար, մանավանդ Արությունի, բացվեցավ մի նոր աշխարհ։

Ուսուցանող ուսանողները մի առավելություն ունեին պաշտոնական վարժապետներից, և այդ այն էր, որ նրանց հարաբերությունն ընկերական էր, նրանց ուսուցումը մի օգնություն էր։ Այստեղ ուսանողի ազատ մտածմունքը չէր ընկճվում, այստեղ զարգանում էր նրանց ինքնօգնությունը, այստեղ աշակերտի մտքի զբոսանքը արգելքի չէր հանդիպում․ նա չէր դրված մի նեղ վանդակի մեջ, այլ մի ընդարձակ պարտեի՝ ուր ամեն ծաղկից հոտ առնելու իրավունք ուներ և կարող էր րնտրել իր ուզած ծաղիկը։ Ճշմարիտ է, սա մի շեղմունք է, որ կարող է հեռացնել մտադրյալ նպատակակետից, բայց աճելությունն այստեղ բնական է և կատարյալ։ Նպատակակետին չհասնելը կամ ուշ հասնելը մի դժբախտություն չէ, այլ բախտավորություն, որովհետև նա արհեստական է