Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։
Հայի ձեռին դու չես տեսնիլ սուր ու թուր,
Այդ բանն արգելել է մեր մեծն Այսմավուր,
Թեկուզ գլխիս թափես հազար թուք ու մուր,
Ես մի անբախտ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։

Եթե թուրը ձեռին Քյորօղլուն տեսնես,
Հավատա ինձ, Բոլի, դու կըրսարսափես,
Թեպետ սազ էլ ունի, երգում է ինձ պես,
Բայց ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորողլին,
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։


— Սպասիր, աշըղ,— ասում է Բոլին,— այդ իմ հարցի պատասխանը չէր։ Ես իսկական Բոլի֊բեգն եմ և ոչ Ալին կամ Վելին, և հիմա ուղղակի հարցնում եմ քեզ. ինչո՞վ ես ապացուցում, որ դու Քյորօղլին չես։

— Խան, ես այդպես չհասկացա,— պատասխանեց Քյորօղլին,— ես հենց իմացա, թե դու Բոլի֊բեգի հարցումը տվիր, ես էլ Քյորօղլու պատասխանն ասացի։ Եթե ինձ վրա կասկած ունիս, որ մտքովս անցնել չէր կարող, ուրեմն լսիր իմ պատասխանը։

Քյորօղլին ուզում էր միայն զբաղեցնել Բոլի֊բեգին, մինչև կհասնեն իր քաջերը, բայց և այնպես, նա այլևս չի ուզում իրան նվաստացնել և հայտնում է, թեև մութ կերպով, որ ինքն է Քյորօղլին և ունի հայկական ծագումն։

Ես մի Ջալալի եմ, անունս է Ռուշան,
Հորս անունն է Խոր [1] մորըս՝ Խորիշան.
Արհեստով աչըդ եմ, ինչպես տեսնում եք,
Որ ես Քյորօղլին չեմ, ահա ձեզ նշան։

  1. Ավանդություն կա, որ Ռուշանի հայրը քյոր չի եղել, որ կնշանակե կույր, այլ Խոր կամ Խոռ, որ մի հայ է եղել Խորխոռունյաց ցեղից, բայց ավազակ դառնալով՝ խառնվել է Ջալալի ասված քրդական ցեղի հետ և համարվել քուրդ կամ թուրքմեն: Այդ մամանակ ահա նրա Խոռ անունը աղավաղվել դառել է քյոր և հետո էլ կարծվել է, թե նա կույր է եղել...,