Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

Կանչում եմ նշան նշան,
Պատմում եմ նշան նշան,
Մարդն ունի մարդու պատկեր,
Շունն էլ ունի շան նշան:

Եթե իրավ ես լինեի Քյորօղլին,
Իմըս լիներ նրա թուրը, նրա ձին,
Այն ժամանակ կըտեսնեիր, Բոլի-բեգ,
Որ Քյորօղլուց պակաս քաջ չէ Խորօղլին:

Չեմ թաքցնում, խոր եմ խոր,
Իմ թշնամուն խորեմ խոր,
Աղբյուրի պես բարակ եմ,
Ծովի նման խո՛ր եմ, խո՛ր:

Քյորօղլին է իմ սիրելին, իմ խանը,
Ես նրա երգիչն եմ, նա իմ պաշտպանը,
Նրա ահեղ ձայնը միայն լսելով՝
Դողում, զարհուրում է ողջ Պարսկաստանը:

Վախ չունիմ մահ ու ահից,
Ազատ եմ մահու ահից,
Մարդիկ մահով չեն մեռնում,
Այլ միայն մահու ահից։

Խորօղլին եմ, ոչ մի բանից ահ չունիմ,
Ինքս մեծ իշխան եմ, թեև գահ չունիմ,
Թող ողջ լինի միայն իմ ղոչ քյորօղլին,
Սուլթան ու խաներից ոչ մի շահ չունիմ:

Չեմ սիրել խան ու սուլթան,
Կատեմ իշխան ու սուլթան,
Խան կա՝ մի խան չարժե,
Սուլթան կա՝ անուս֊ուլ-թան:


Այս երգից հետո Բոլի-բեգն ասում է.

— Աշըղ, իրավ որ դու քուրդ ես ու քրդավարի էլ խաբում ես ինձ։ Եթե դու Քյորօղլին չես, այլ Խորօղլին, այդ ինձ համար միևնույն է, երկուսդ էլ վտանգավոր եք։ Ես Խորօղլուն կբռնեմ, թող Քյորօղլին գա նրան ազատե։

Այս ասելուց հետո՝ Քյորողլու ոտները կապել է տալիս, ուզում է կապել տալ և կռները, բայց Քյորօղլին խնդրում է,