Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է

Ամպերում թաքնված, իմ սիրուն արև,
Մեկ փայլում ես, մեկ էլ, ծածկվում խավարում.
Վանդակի մեջ դրված սոխակի նման,
Մեկ երգում ես, մեկ էլ լռում ու տխրում.

Ինչո՞ւ, հոգիս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ ես տխրում:


Արևազուրկ ծաղիկ, անջուր, թալկահար,
Վարդ, դու կուզես քեզ մի բյուլբյուլ սիրահար,
Ագռավ մարդըդ քեզ անում է կտցահար,
Գիտե, որ դու իրան սրտով չես սիրում։

Ինչո՞ւ, հոգիս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ չես սիրում:


Քյորօղլուս պես մի քաջի ես դու արժան,
Որ դրախտ դարձնեմ այդ կյանքըդ դաժան,
Դու կըլինես իմ սիրուհիս անբաժան.
Այժմեն իսկ իմ հոգին քեզ եմ նըվիրում.

Հավատա ինձ, հոգի՜ս,
Քեզ եմ նըվիրում։


— Լռի՛ր, հանդուգն,— բղավեց Բոլի֊բեգը խանդոտությունից կատաղած և հրամայեց կապոտել Քյորօղլու կռները: Քյորօղլին ոչ մի ընդդիմություն ցույց չտվավ։ Նա այդ բոլորը մի կատակ էր համարում, իսկ նրանց թոկերն իր համար մի սարդի ոստայն։

Քյորօղլու ձեռք ու ոտքը կապոտելուց հետո, մի թոկ էլ վզիցը կապեցին և Բոլի֊բեգի հրամանով տարան Թոնա գետի ափը, որ նրան ընկղմեն գետի մեջ առանց խեղդելու, այլ այնքան ընկղմեն և հանեն, մինչև ուժից ընկնի իսպառ և ուղիղը խոստովանի, եթե ինքը ճշմարիտ Քյորօղլին է:

Գետափին ձիաներ կային օրուգ տված։ Հենց որ մոտեցավ այդ ձիաներին, թոկերը կտրտեց, իր տանողներին քարերի պես շպրտեց գետի մեջ, իսկ ինքը մի ոստյունով թռավ մի լավ ձիու վրա և անթամք ու անսանձ ձիու գլուխը երկու ձեռքով իր ուզած կողմն ուղղելով, դուրս պրծավ բանակից: Այս անակնկալ դեպքի վրա ամենքն էք շփոթվեցին ու շշկլվեցին, բայց մեկ էլ որ տեսան հեռվից մի թանձր փոշի բարձրացած վազում է դեպի իրանց այնպես արագ, որ կարծես նրան մղում էր մի ահեղ փոթորիկ, բոլորովին սարսափի մեջ ընկան: