Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է

Այդ թոզն ու դումանը բարձրացրել էին Քյորօղլու քաջերի ձիաները, որոնք գալիս էին սրարշավ և նրանց տրոփյունի ձայնը արդեն մինչև բանակն էր հասնում։ Բոլի֊բեգը, որ Քյորօղլու կողմից հարձակվելու հույս չուներ բոլորովին, և ով կհամարձակվեր մի փոքրիկ խմբով ամբողջ բանակի վրա հարձակվել, շուտով պատրաստվեց դիմադրելու։ Բայց ինչ օգուտ։ Եկողները հազարներից ընտրված մի֊մի դյուցազն էին, և իրանց քաջության համեմատ մի֊մի սարսափելի մականուն ունեին շքանշանի տեղ ստացած, ինչպես՝ Վարազաթուր, Գայլաբերան, Փղակնճիթ, Վագրաճանկ, Առյուծաթաթ, Անսասան, Զարհուրելի, Ասլանբալա (առյուծի ձագ), Քյարքյադան (մի եղջերու), Ազրայիլ (չար հրեշտակ), Ղրխազան կամ Ղրխզռան (քառասունին ջարդող)։ Քյորօղլին չուներ ոչ մի մականուն, բայց երբեմն անվանվում էր Հաստընչացք և Ահեղաձայն։

Քյորօղլին արդեն նստել էր Ղռաթի վրա և ձեռքն առել իր վահանն ու թուրը։ Նա գալիս էր ամենի առջևը։ Բանակին մոտեցան թե չէ՝ այնպես հարձակվեցան, ինչպես ժիր հնձողները հասած արտի վրա, և սկսեցին հնձել անխնա։ Ձիավորները հնձում էին, իսկ ձիաները ոտնատակ տալիս, կալսում։ Հնար չկար դիմադրելու, զորքը երեսը շրջեց և փախուստ տվավ։ Փախավ և Բոլի֊բեգը, բայց նրան շրջապատեցին և կալանավորեցին։ Քյորօղլին ազատեց նրան, միայն կանայքն առավ ձեռիցը և բաժանեց իր քաջերի մեջ վիճակով. ինքը չառավ ոչ մեկին, որ իր Նիգյարի սիրտը չպակսեցնե։ Բացի Նիգյարից, որին սիրում էր բոլոր սրտով, ուրիշ կին չուներ, թեպետ կարծում էին, որ նա շատ կանայք է պահում։

Այս փառավոր հաղթությունից հետո, երբ որ վերադարձավ տուն, Քյորօղլին մի փառավոր խնջույք տվավ, երգելով պատմեց Նիգյարին բոլոր անցքը և անուն-անուն գովեց իր քաջերին, մեկ-մեկ թվելով ամեն մեկի արածը։ Նիգյարն էլ, ի նշան շնորհակալության, մի ահագին բաժակ լցնում էր գինով և իր ձեռքով տալիս ամեն մեկին։ Գերի ընկած սիրուն տիկիններն էլ շատ ուրախ էին, որ գերվելով, ազատվել են իսկական գերությունից, և փոխանակ ամենքը միասին մի