Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Այս էջը հաստատված է

Բ. ՔՅՈՐՕՂԼԻՆ ՋԱՂԱՑՊԱՆ

Մեկ անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ Քաչալ֊Համզան՝ փախել էր։ Քյորօղլին հեծավ իր հռչակավոր Ղռաթը և ընկավ Համզայի հետևից, որ բռնե նրան և պատժե։

Համզան դեռ շատ չէր հեռացել։ Նա ետ մտիկ տվավ ու տեսավ, որ հեռվից փոշի է բարձրանում, իսկույն գլխի ընկավ, որ Ղռաթի բարձրացրած փոշին է այն, ուր որ է Քյորօղլին պիտի հասնե և բռնե նրան։ Հնար չկար փախչելու։ Նրա բախտից նույն տեղը մի ջաղաց կար, վազեց մտավ ջաղացը, երես֊մերեսը ալրաթաթախ արավ, շորերն էլ նույնպես, և այսպես կերպարանափոխված՝ դուրս եկավ կանգնեց ջաղացի դռանը։

Քյորօղլին ձին քշած եկավ, և Համզային պատահելով՝ հարցրեց, թե այս նշանով մարդ չանցա՞վ արդյոք։

— Ինչպես չէ,— պատասխանեց Համզան.— քո ասած նշաններով մի մարդ մտավ այս րոպեիս իմ ջաղացը։ — Ուրեմն բռնիր ձիս,— ասաց Քյորօղլին և իջավ ձիուց: Ձին թողեց Համզայի ձեռքին, իսկ ինքը մտավ ջաղացը, տեսավ, որ այնտեղ ոչ ոք չկա, դուրս եկավ որ բարկանա ջաղացպանի վրա, բայց կեղծ ջաղացպանը արդեն Ղռաթի վրա էր։

— Անպիտա՜ն, ինձ խաբեցիր՝ բավական չէ՞, համարձակեցար հեծնել նաև իմ Ղռաթի՞ս,— ասաց Քյորօղլին բարկությամբ։

— Շատ մի՛ խոսիր,— պատասխանեց Համզան,— այժմ Քյորօղլին ես եմ, իսկ դու գնա՛ ջաղացպանություն արա, նայիր միայն, որ լա՛վ աղաս, կորկոտ չանես։ Այս ասելով, Ղռաթի գլուխը շրջեց ստահակ ծառան, և՝ այսօր ես անհայտացել, թե էգուց...

Քյորօղլին նոր գլխի ընկավ, որ փախչողը Համզան էր, բայց էլ ի՞նչ կարող էր անել։ Նա քա՜հ քա՜հ ծիծաղելով իր միամտության վրա, գլուխը թափ տվավ և մտավ ջաղացը:

Քյորօղլին սովորություն չուներ հուսահատվելու. այս տեսակ դեպքերը նրա միշտ ուրախ ու զվարթ տրամադրությունը չէին խանգարում։ Նա տեսավ, որ ամբարը լիքն է ցորենով,