Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

Դրանց մեջ նշանավոր էին Դամյուրջօղլին, Իսաբ-Ալին և Գզիր-օղլի Մուստաֆա-բեգը։ Երբ որ գնացին տեսան Քյորօղլուն ջաղացպանություն անելիս, Ղռաթը խլել տված, շատ ծիծաղեցին, և Դամյուրջօղլին մի երգով շնորհավորեց Քյորօղլու նոր արհեստը և նոր առուտուրը։ (Որովհետև Համզան Ղռաթը փախցնելով՝ նրա փոխարեն իր ջորին թողել էր նրա մոտ։)

Թող երգե Դամյուրջօղլին, տեսնենք ի՞նչ է երգում և ինչ ձևով:

Նոր վաճառական ես դառել,
Առըտուրըդ շնորհավոր,
Ձին տըվել ես, ջորին առել,
Առըտուրըդ շնորհավոր,
Զին տըվել ես, ջորին առել,
Առըտուրըդ շնորհավոր, հոգի՜ս,
Առըտուրըդ շնորհավոր։
Ալյուրըդ ջորուն կըբարձես,
Բազար կըտանես կըծախես,
Դեղին ոսկիք կըհավաքես,
Առըտուրըդ շնորհավոր։
Քեզ կասեն՝ ուստա Առուշան [1],
Երբ կըլինին լավ ջաղացպան,
Գըլուխ-գըլուխ շահադ [2] կըտան,
Առըտուրըդ շնորհավոր։
Դամյուրղօղլի, շատ լավ կանես,
Որ Քյորօղլուն գովաբանես,
Ասես՝ լավ վաճառական ես,
Առըտուրըդ շնորհավոր...


Դամյուրջօղլին այսպես երկար կշարունակեր, բայց Քյորօղլին նրան միջահատում է ասելով՝ կատակի ժամանակ չէ, և ինքն է սկսում երգել այլ եղանակով և ահեղ ձայնով.

  1. Քյորօղլու իսկական անունը Ռուշան է։
  2. Շահադ է ասվում աղալու համար տված վարձը, որ մի հայտնի չափով արվում է աղացվող հատիկներից: