Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

և գնդակի պես միջովն անցնում։ Հորթը սատկում է, իսկ նրա տերը պահանջում է իր ապրանքի գինը։ Քյորօղլու հայրը, որ թեպետ կուրացած՝ բայց շատ փորձառու մարդ է լինում, ասում է որդուն.

— Որդի, վնաս չունի, մենք կվճարենք հորթի գինը, եթե ինձ կհասցնես այն հորթասպան քարը։ Այն քարը մի հորթից շատ ավելի կարժե։

Որդին բերում է քարը և տալիս հորը։

Հայրը շոշափում է քարը և ծանր ու թեթև անելով նկատում է, որ քարը իր ծավալի համեմատությամբ շատ ծանր է:

— Մի՞թե այս քարը չի պսպղում հարցնում է որդուն

— Այո՛, հայր,— պատասխանում է որդին։

«Սա կայծակ է»,— ասում է ծերունին իր մտքումը, բայց որդուց գաղտնի է պահում այդ։ (Այն ժամանակները մթնոլորտից վայր ընկած մետաղախառն քարերը համարվում էին երկնքից վայր ընկած կայծակ։)

Ծերունին վերցնում է այդ քարը և գնում է մի ուրիշ գյուղ, որտեղ թուր շինող լավ վարպետներ են լինում, որ նորագյուտ մետաղից մի թուր շինել տա։ Թուրը շինել տալուց առաջ, նույն կտորից մի բիզ է շինել տալիս և պահում մոտը։

Վարպետները շատ դժվարությամբ են կարողանում թուրը շինել, և երբ որ վերջացնում են, սկսում են փորձել նրա հատկությունը։ Խփում են գերանի, քարի, երկաթի, բոլորն էլ կտրատում է պանրի պես։

Այս որ տեսնում են վարպետները, մտածում են, որ թուրը սեփականեն և նրա տեղ մի հասարակ թուր տան։ Կույր ծերունին որ գալիս է թուրն ստանալու, նրան մի ուրիշ թուր են տալիս։ Ծերունին սկսում է շոշափել, փորձում է ճկունությունը, տեսնում է, որ պետք եղածի չափ չի ճկվում, գրպանից հանում է բիզը, որ այնպես է ծակում թուրը և անցնում մյուս կողմը, ինչպես ասեղը շորի միջով։

— Այս իմ թուրը չէ,— ասում է,— տվեք իմ թուրը։ Վարպետները տեսնում են կույրը վաղօրոք իր զգուշությունր բանեցրել է, թրի կտորից բիզ շինել տալով, տալիս են իսկական թուրը։ Ծերունին փորձում է բզովը,