Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Այս էջը հաստատված է

հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները. այդ առիթը շուտով վրա հասավ։

Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ, Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նրա աղբյուրի մոտ, որ հանգստանան։ Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դատարկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դատարկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է արդյոք նրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ, նա կարծես խաղ էր անում, լցնում դարակում էր և այդ կրկնեց չորս, հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ իրան անծանոթ որսորդին տվավ։

Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին, ինքն սկսեց խոսեցնել աղջկանը, և հարցրեց, թե ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը, չլինի թե կատակ անել ուզեց կամ բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.

— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՝ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։

Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան։ Նրա աչքերը խոշոր թուխ֊թուխ և վառվռուն էին, ունքերը կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը լայն, քիթ ու պռոշը նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները ու մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր