Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Այս էջը հաստատված է

բոլոր լավ մարդիկը, Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։

— Վաղինակ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղիղն ասա։ Անահի՛տն է գեղեցի՞կ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենի՛կը։

— Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

— Բայց որը կլինի ավելի խելոք, Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

— Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սագ անել և թուքդ ցամքած թողնել:

— Վաղինա՜կ...

— Հրամայի՛ր, իշխան...

— Վաղինա՛կ, դու ինձ չե՞ս սիրում...

— Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա...

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը: Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծեսմի նոր որսի հոտ լիներ առած:

Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։

— Վաղինակ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես եղել,— որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։ Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող