Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին և նրանք միաձայն վճռեցին, թե նրան վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրենց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։ Անահիտը՝ ստանալով այդ ընծան՝ ասաց.— հիմա ոչինչ չունիմ ասելու.

Երբ կանճարանա,
Ջուլհակ կըդառնա։

Հայտնեցեք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարեք նրան ընծա։ Վաղինակը վեր առավ գորգը և ձին հեծնելով շտապեց դեպի Բարդա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։ Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնըված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին. նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ՝ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ. Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերն անհետացան, մեր ցավերը վերացան,
Շա՜տ ապրի Ոսկեծղին՝
Մեր մայր թագուհին...