Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Այս էջը սրբագրված է

Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր Թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից և այն գնալն էր որ գնաց, էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։

Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ,թե ինչպես են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում ։
Թագավորը կարծեց, թե երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղե

գյուղ, քաղաքե քաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։

Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց Թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում և ինքը չէր կարողանում հետքը գտնել։
Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր

հոր տեղը նստեցրին։

Վաչագանը՝ իր նախնյաց գահը բարձրանալով՝ ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի

մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ. — Տեր իմ թաղավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ