Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Այս էջը սրբագրված է

մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս: Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրենց վիճակից։ Ո՞վ գիտեք ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն շեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն վաճառականություն, մի խոսքով ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու, դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։ — Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահիտ,— ասաց թագավորը։ — Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես, միայն ծերության ժամանակ էլ չէր կարո¬ ղանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ի՞նչպես անեմ. ես որ երթամ, ո՞վ կկառավարի իմ տեղս: — Ես ինքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։ — Շատ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ:Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի և ես չգամ, իմացիր, որ ես կենդանի չեմ, կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։

Ը

Վաչագան թագավորը հասարակ շինականի հագուստով ծպած ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը։ Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն՝ ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։ Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր