Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Այս էջը սրբագրված է

մենք էլ կապրինք այդ հույսովը։ Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը։ Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես։ Բայց ահա ոտքի ձայն է պալիս, դու գնա քո տեղը։

Ժ

Վաչագանի հետ եկածները թվով վեց հոգի էին։ Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտե՞ն։ Մինն ասաց,որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, եր- րորդը մետաքսագործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին։ — Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք,— ասաց Վաչագանը,— ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ։ Ոտնաձայնը արձագանք տալով, հետզհետե մոտեցավ և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ՝ հետն առած մի խումբ զինված մարդիկ։ — Դո՞ւք եք նոր եկածները,— հարցրեց քուրմը։ — Այո՛, ծառաներդ ե՛նք,— պատասխանեց Վաչագանը։ — Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում։ — Մենք ամենքս էլ գիտենք,— ասաց Վաչագանը,— գիտենք շատ թանկագին դիպակ գործել։ Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե։ Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց և մենք ընկանք պարտքի տակ և խեղճացանք։ Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին և նա մեզ բերավ այստեղ։ — Շատ լավ. բայց մի՞թե ճշմարիտ այդչափ թա՞նկ կարժե ձեր գործվածքը։ — Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։ — Իհարկե, ես շուտով կիմանամ, թե որքան ճշմարիտ է ձեր ասածը, հիմա ասացեք, ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։ Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է