Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

— Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե,ըստ որում սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն։ Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գինը շեն իմանալ։ Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք։

Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը։ Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգամ ցույց չտվավ նրան։ Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ինքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ինքը վայելի...

ԺԱ

Անահիտը Վաչագանի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը և ամենքն էլ գոհ էին, առանց իմանալու, թե նա է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագավորը չէր վերադարձել։ Նա գիշերը հանգիստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում։ Ամեն բան փոխվել էր նրա աչքումը և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել: Զանգին անդադար ոռնում ու վնգստում էր և թագուհու ոտներն ընկնելով աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում։ Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և իր ախորժակը կորցնելով՝ օրեցօր նիհարում էր։ Մարի հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները փոխանակ լուսաբացին կանչելու երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով։ Պարտիզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը և նրանց տեղ լսվում էր գիշերներր բուերի վայունը։ Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով՝ անցնում էին պարսպի տակով տխուր ու