Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

քաղաքից դեպի արևելք մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես, մենք կորած ենք հավիտյան Վաչագան»:

Անահիտը մեկ անգամ կարդալով չբավականացավ, երկրորդ և երրորդ անգամ էլ կարդաց, ըստ որում իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգամ, միայն այս անգամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է։ Աչքը ձգած գրերին' երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.

— Դու ճշմարիտ ես ասում. քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին։ Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգում։ Իմ կարծիքով այս դիպակը անգնահատելի է։ Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր, ես խնայելու չէի։ Բայց գիտե՞ս ինչ կա, իմ կարծիքով ոչ մի գործ կարող չէ իր գործողից ավելի զորավոր լինել։ Այսպե՞ս է թե ոչ։ — Թագուհին ո՛ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին։

— Եթե դու էլ գիտես, որ այդպես է. պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ։ Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս, և պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես իմ ամեն մի քաջ զորականին։

— Ողորմած թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի Հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից:

— Բայց դու՝ կարծեմ՝ ասացիր, թե գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր թե ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ինքդ ես գործել տվել։

— Ողորմած թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ...