Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Այս էջը հաստատված է

թագավորին էս ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ինչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գործում: Բա՛ էլ որ օրվան համար է ջուլհակ դառել։

— Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ... բայց չէ՜... ինչպե՞ս կարելի է, որ իմ Վաչագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։

— Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբայր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է։ Իմ կարծիքով թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում, մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ գուցե ավելի դառն...

— Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպետ եղբայր, բայց իմ կարծիքով թագավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։

— Այդ մի փորձանք է, եղբայր Վաղինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է, մի՞թե նա կարող է կարծել, թե կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից, այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե վաղն ի՛նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը առջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը՝ երբ որ պատահում է մի վարար գետի, գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագավորր նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս:

— Եվ իհարկե նա ինքը կլինի ազատած մեզ իր