Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով շրջապատեցին թագուհուն։

Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա արեդնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան։

Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գլուխը և այս ու այն կողմ քշելով՝ հրամաններ արձակեց, և մի քանի րոպեի մեջ կարգավորելով ամբողջ այրուձին, գոչեց բարձրաձայն «հառա՜ջ» և ինքն առաջ անցնելով ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ։ Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում։ Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգնած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ։ Կռապաշտ քաղաքացիք նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով՝ խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։

— Ո՞ր է ձեր քաղաքապետը,— գոչեց Անահիտը սպառնալից ձայնով։

Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.

— Ծառա՛դ եմ, այստեղի քաղաքապետը։

— Դո՛ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգիտես թե ի՛նչ է գործվում քո աստվածների բնակարանում։

— Ծառադ եմ, ես ոչի՛նչ չգիտեմ։

— Դու կարելի է թե չգիտես էլ թե որտե՞ղ է գտնվում ձեր տաճարը։

— Ինչպե՞ս չգիտեմ, ծառադ եմ, շատ լավ գիտեմ։

— Առա՛ջ անցիր ուրեմն...

Կես ժամ չանցած՝ ամբողջ քաղաքը դջլված դնում էր Անահիտի հետևից։ Երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին, քուրմերը կարծեցին, թե ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը։ Բայց երբ ներս խռնվեց