Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Այս էջը հաստատված է

ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշազեղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան։ Անահիտը մի րոպեի մեջ գտավ տարտարոսի դուռը և դառնալով քաղաքապետին՝ հրամայեց.

— Բա՛ց արեք ահա՛ այս դուռը։

Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը վերահաս վտանգը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգեստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգե և ետ մղե։ Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագը գլխին դրած և գավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված՝ ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով։ Նա մոտեցավ Անահիտին և պատգամախոսի ձայնով աղաղակեց.

— Ի՞նչ ես ուզո՜ւմ, ինչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց։

Անահիտը՝ բարկությունը հազիվ զսպելով ասաց.

— Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի՛։

— Ո՜վ է կարող հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց։ Այս դո՜ւռը մեր սրբարանի դու՜ռն է. այստե՜ղ է գտնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծու՜խը, որ մինչև երկի՜նք է բարձրանո՜ւմ։ Աստվածների բարկությունը մի շարժեք։ Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սո՜ւրբ վա՜յրը։

Քրմապետի ահեղագոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ, ամենքը կորագլուխ ետ քաշվեցին. բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգնեցին իրանց տեղերը, կասկածելով, որ այգ ծածկարանումը մի սարսափելի գաղտնիք պիտի լինի թաքնված։ Նրանք միաբերան գոչեցին.

— Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը։

Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և ձեռքերը մեկնելով՝ աղաղակեց.